FA-ն հետաքննություն է սկսել Մանչեսթեր Սիթիի դեմ

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) «Մանչեսթեր Սիթիի» դեմ հետաքննություն է սկսել: FA-ն ուսումնասիրում է, թե «Մանչեսթեր Սիթին» ինչպես է ձեռք բերել Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը:

Der Spiegel-ը հաղորդմամբ՝ 2014 թվականին «քաղաքայինների» ղեկավարությունը 14-ամյա վինգերի համար նրա գործակալ Էմեկե Օբասեին վճարել է 200 հազար ֆունտ, իսկ «Ուոտֆորդին»՝ 150 հազար:

Փաստաթղթերով «Մանչեսթեր Սիթին» Օբասեին ձևակերպել է որպես ակումբի սկաուտ: FA-ի կանոնադրությամբ մինչև 16 տարեկան ֆուտբոլիստները գործակալ ունենալու և տեղափոխության համար հոնորարներ ստանալու իրավունք չունեն:

«Մանչեսթեր Սիթին» արդեն պաշտոնապես արձագանքել է այս տեղեկատվությանը:

«Սա ակումբի հեղինակությանը հարված հասցնելու փորձ է: Մենք չենք մեկնաբանելու համատեքստից դուրս բերված ինչ-որ նյութեր, որոնք իբրև ներկայացրել են City Football Group-ի, «Մանչեսթեր Սիթիի» և նրանց հետ առնչություն ունեցող մարդիկ»,- ասվում է «Սիթիի» հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՖԻՖԱ-ն ևս հետաքննություն է սկսել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: Եթե ապացուցվի, որ «Մանչեսթեր Սիթին» անչափահաս ֆուտբոլիստների տեղափոխությունների հարցերում խախտումներ է թույլ տվել, ակումբին կարգելեն տևական ժամանակ տրանսֆերներ կատարել:

Այժմ Ջեյդոն Սանչոն հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», որը ֆուտբոլիստի տրանսֆերի համար «քաղաքայիններին» վճարել է 8 միլիոն եվրո: Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Սանչոն մասնակցել է 23 հանդիպման, դարձել է 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ