«Դիանա Հարությունյան» Facebook-յան կեղծ էջը վարողը կալանավորվել է։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):
Հիշեցնենք՝ ս.թ. հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» Facebook-յան էջում տեղեկություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։
Անդրադառնալով սրան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները և նրանց շարժառիթները պետք է պարզվեն»։
Հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» Facebook-յան էջը վարողի ինքնությունը, որը բերման էր ենթարկվել, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել։
Աղբյուրը՝ Armtimes.com