Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո սոցցանցերում եւ մեդիադաշտում, կարելի է ասել, վերացել են ապատեղեկատվությունների այն մեծ հոսքերը, որ կային վերջին 7-8 ամիսների ընթացքում: Սա ինչ-որ տեղ բնական է, քանի որ դրանք հիմնականում կիրառվում էին քաղաքական նպատակներով՝ ընտրական գործընթացներին ազդելու համար:
Նկատելի է նաեւ «Տելեգրամ»-ի՝ ապատեղեկատվություն տարածող հայտնի էջերի լռությունը: Թե ինչու է հիմա դաշտը մաքրվել եւ որքանով է հաջողվել այս ընթացքում ազդեցություն ունենալ հանրային կարծիքի վրա՝ դժվար է ասել, բայց այն, որ պետական գերատեսչությունները ամիսներ շարունակ ընկած էին դրանք հերքելու հետեւից՝ միանշանակ է:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ կեղծ լուրերի հոսքը դադարել է քաղաքական ակտիվության նվազման պատճառով եւ այս պահին քաղաքական պատվիրատուներ չկան. «Սա նաեւ ցույց է տալիս, որ այդ ամեն ինչը այնքան էլ ինքնաբուխ բնույթ չէր կրում ու այնպես չի, թե ժողովուրդն էր բամբասանքներ գեներացնում»:
Մարտիրոսյանը նշեց, որ հիմա վերադիրքավորումներ են կատարվում, քանի որ տեղեկատվական պատերազմը ենթադրում է ինչ-որ գաղափարներ, դիսկուրսի ձեւավորում եւ այլն: Այսինքն՝ այս փուլում պետք է բոլորը վերաիմաստավորեն, թե հակառակորդին ինչպես են հարվածում. «Երբ կողմերը վերջնականապես կհաստատեն իրենց համար, թե որ ուղղությամբ են շարժվում, ում դեմ եւ ում կողմ, այդ դեպքում տեղեկատվական առումով էլ պարզ կլինի»:
Հարցին՝ հիմա արդեն հասկանալի՞ է, թե ովքեր էին կանգնած հայտնի «Տելեգրամյան» էջերի հետեւում, փորձագետը նախ նշեց, որ «Տելեգրամ»-ը շատ պղտոր ջուր է եւ այս անգամ այն շատ ակտիվ օգտագործվեց, քանի որ թույլ էր տալիս անանուն կերպով տարածել տեղեկատվությունը. «Եթե ֆեյսբուքի դեպքում կարող է բացահայտվես, «Տելեգրամ»-ում դա բարդ է: Այնպես, որ այս տեսանկյունից սա բոլոր դերակատարների համար հարմար էր»:
Մարտիրոսյանի խոսքով՝ պիտի մի բանի հետ հաշվի նստել. «Տելեգրամյան» մշակույթը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ, ու այստեղ շատ մեծ դեր ունեցան ռուսաստանյան դերակատարները. «Սկսած այն մարդկանցից, ովքեր բացահայտ ներգրավված էին այս ամենի մեջ, վերջացրած այնտեղ բնակվող, բայց այստեղի քաղաքական պրոցեսներում տարբեր պատճառներով ներգրավված անձանցով: Այդ պատճառները կարող են լինել ե՛ւ քաղաքական ե՛ւ ֆինանսական»:
Խոսելով մինչ ընտրությունները տարածված ապատեղեկատվությունների ունեցած ազդեցության մասին՝ նա ընդգծեց՝ շատ դժվար է գնահատել, թե այս կամ այն ապատեղեկատվությունը որքանով է ազդել վերջնական արդյունքների վրա: Ըստ նրա՝ այն գործիքակազմը, որով հնարավոր է հստակ ինչ-որ բան հաշվել՝ բարդ է եւ Հայաստանի դեպքում նաեւ շատ հաճախ բացակայում է. «Հիմնվելով ենթադրությունների վրա՝ կարող եմ ասել, որ ամեն դեպքում տեղեկատվական հոսքը որոշ չափով ազդել է ու կարծում եմ նաեւ, որ տարօրինակ ձեւով է ազդել, օրինակ՝ մասնակցությունը ընտրություններին եղել է փոքր, համեմատած պահի շրջադարձային լինելու հետ: Այսինքն, մարդիկ ինչ-որ պահի այնքան են ապակողմնորոշվել, որ պարզապես որոշել են չգնալ ընտրության»:
Մարտիրոսյանի կարծիքով՝ ոչ ոք էֆեկտիվ չի պայքարել տեղեկատվական կեղծ հոսքերի դեմ, բոլորը միայն հարձակվողական գործողություններ են ձեռնարկել:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը եւս այն կարծիքին է, որ ընտրություններից հետո կեղծ լուրերի հոսքերը էականորեն նվազել են: Իր գնահատմամբ՝ նման պատկեր տեղեկատվական դաշտում չի եղել ընդհուպ 2018-ի մայիսից սկսած։ Իսկ գլխավոր պատճառն, ըստ նրա՝ ընտրությունների արդյունքներն են, որոնք փոշիացրին բոլոր այն հույսերն ու նպատակները, որոնց ցանկանում էին հասնել կեղծ իրականություն մատուցելու միջոցով. «Բայց նաեւ արդեն 3 տարի շարունակվող պայքարը ապատեղեկատվության դեմ թե՛ հանրային խոսքի, թե՛ օրենսդրական մակարդակում պտուղներ են տալիս։ Շատ կարեւոր է նաեւ տեղեկատվությունը սպառողների վերաբերմունքը»:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում։