ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Աշխարհի 2022 թվականի առաջնության կազմակերպիչների հետ քննարկում է մրցաշարը 32 հավաքականի փոխարեն 48 հավաքականով անցկացնելու տարբերակը: Այս մասին հաղորդում է Kuwait News Agency-ն:
Արդեն հայտնի է, որ միաժամանակ 3 երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու է 48 հավաքական, սակայն Ինֆանտինոն ցանկանում է փոփոխությունն ավելի շուտ կյանքի կոչել:
«Ես դրական եմ տրամադրված, բայց արդյոք 48 հավաքականով առաջնություն կազմակերպելը հեշտ կլինի… Պետք է անկեղծ ասեմ, որ հեշտ չի լինելու»,- ասել է Ինֆանտինոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՖԻՖԱ-ն Աշխարհի առաջնությունը 48 հավաքականով անցկացնելու վերաբերյալ կարող է որոշում կայացնել միայն մրցաշարն ընդունող երկրի տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ հաշվետվություն ստանալուց հետո:
Աշխարհի 2022 թվականի առաջնությունն անցկացվելու է Քաթարում, նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:
Հաղորդում է armsport.am-ը։