Ֆինլանդիայի էկոնոմիկայի նախարար Միկա Լինտիլան ֆիննական ընկերություններին կոչ է արել շտապ մատակարարել էներգատեխնիկա՝ Ուկրաինայի էներգետիկ հատվածը վերականգնելու համար, հայտնում է Ֆինլանդիայի կառավարության կայքը՝ հղում անելով երկրի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությանը։
«Նախարար Լինտիլան էներգետիկայի և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է օգնության տրամադրման հնարավորությունները։ Նպատակը Ուկրաինային համակարգված հիմունքներով արագ կոնկրետ օգնություն ցուցաբերելու ուղիների համատեղ որոնումն է»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:
Զեկույցում պարզաբանվում է, որ հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների մոտ 50 տոկոսը ոչնչացվել է ռուսական հրթիռների և անօդաչու սարքերի կողմից, ուստի «օգնության անհրաժեշտությունը հրատապ է»։ Նախարարության տվյալներով՝ ուկրաինական կողմը պահանջել է տարբեր սարքավորումներ՝ գեներատորներ, տրանսֆորմատորներ և մարտկոցներ։