Սեպտեմբերի 25-ին Ֆրանսիայի Մանշ վարչական շրջանի Շերբուր քաղաքում գտնվող Naval Group նավաշինարանում սկսվել է ապագա ֆրանսիական ատոմային ավիակրի՝ PA-NG նախագծի համար ատոմային հատվածների առաջին պողպատե մասերի եռակցումը։ Արտադրության սկիզբը նշանակում է, որ նախագիծը անցել է շինարարության փուլ։
Ավիակիրը կունենա TechnicAtome ընկերության նախագծած երկու նոր K22 ռեակտոր, որոնցից յուրաքանչյուրն ապահովում է մինչև 225 մեգավատ ջերմային հզորություն։ Դա մոտ 50 տոկոսով ավելի է, քան ներկայիս «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա տեղադրված K15 ռեակտորները։
K22 ռեակտորները կտրամադրեն անհրաժեշտ էներգիան էլեկտրամագնիսական թռիչքահարթակների և վայրէջքի համակարգերի համար, ինչպես նաև կապահովեն մինչև 10 տարի ինքնավար աշխատանք՝ առանց վառելիքի լիցքավորման։ Ռեակտորները տեղադրվելու են մինչև 1300 տոննա զանգված ունեցող և 13 մետր տրամագծով ամբողջովին փակ ու ամուր մետաղական հատվածներում, որոնք պաշտպանում են սարքավորումները արտաքին ազդեցություններից։
Հատվածների եռակցման հետ մեկտեղ արդեն իրականացվում է 2024 թվականի ապրիլին ստորագրված 600 միլիոն եվրոյի պայմանագիրը, որը նախատեսում է էներգահամակարգի բաղադրիչների արտադրությունը։
Նավը նախատեսվում է ջուրն իջեցնել 2035 թվականին, իսկ ծառայության հանձնել՝ 2038-ին։ Սպասվում է, որ այն կշահագործվի մինչև 2060-ականները։
Ավիակրի տեխնիկական տվյալներն են`
Ջրատարաղությունը՝ մոտ 78 000 տոննա,
Երկարությունը՝ մոտ 310 մետր,
Թռիչքադաշտի լայնությունը՝ մինչև 85 մետր,
Օդային խումբը՝ Ռաֆալ M, E-2D Հոքայ, անօդաչու թռչող սարքեր և ապագա կործանիչներ,
Հակաօդային պաշտպանությունը՝ Ասթեր հրթիռային համակարգ, Sea Fire ռադար, հեռավար կառավարվող հրետանի,
Անձնակազմը՝ մոտ 1100 զինծառայող, ինչպես նաև մինչև 900 օդաչուական ու շտաբային անձնակազմ։

