Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության փոխվարչապետներ է նշանակել արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին և ենթակառուցվածքների ու տարածաշրջանների զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլիին: Ինչպես փոխանցում է TACC-ը, Վրաստանի վարչապետը նշանակումների մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է կառավարության առաջին նիստի սկսվելուց առաջ կայացած բրիֆինգում։
«Մենք կունենանք երկու փոխվարչապետ: Մեկը կլինի տիկին Մայա Ցկիտիշվիլին, մյուսը՝ տիկին Թեա Ծուլուկիանին: Ձեզ հայտնի է, որ նրանք մեր թիմի հին ու փորձառու անդամներն են: Ես վստահ եմ, որ դա էլ ավելի կուժեղացնի թիմին»,-ասել է Գախարիան:
Բացի դրանից՝ վարչապետը նաև նշել է, որ այսուհետև կառավարության նիստերն անցկացվելու են հինգշաբթի օրերին ժամը 10-ին: Նա նաև բոլոր նախարարներին պարտավորեցրել է նիստերի ավարտից հետո դուրս գալ և հայտարարություններ անել ԶԼՄ-ների համար, այդ թվում և այն հարցերի վերաբերյալ, որոնք չեն քննարկվել կառավարության կողմից:
Ցկիտիշվիլին, որը փոխվարչապետ էր նաև վարչապետ Մամուկա Բախտաձեի կառավարության օրոք, որը հրաժարական տվեց սեպտեմբերի 2-ին, տարածաշրջանների զարգացման և ենթակառուցվածքների նախարար է 2018 թվականի մարտից: Մինչ այդ, 2012 թվականից նա զբաղեցնում է Վրաստանի կառավարության դիվանատան ղեկավարի պաշտոնը: Ծուլուկիանին արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցնում է 2012 թվականից՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ «Վրացական երազանք» կոալիցիայի՝ իշխանության գլուխ գալուց անմիջապես հետո: