fbpx
Հասարակություն

Գարեգին Բ-ն ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է Արցախում մեկնարկող մի քանի նոր ծրագրերը

Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ տիար Սեդրակյանը անդրադարձան Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի հայ համայնքներում տեղ գտած զարգացումներին։ Առանձնակի ուշադրություն դարձվեց Հայոց Եկեղեցու եւ տարբեր ազգային հաստատությունների կողմից ձեռնարկվող նախաձեռնություններին, շարունակվող սոցիալական, կրթական եւ զարգացման ծրագրերին: Մասնավոր քննարկման առարկա դարձան Մայր Հայրենիքի զարգացման ներկա փուլում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված գաղափարները։

Անդրադառնալով աշխարհասփյուռ հայության կյանքում Եկեղեցու առաքելությունն առավել աշխուժացնելու եւ հզորացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին` Հայոց Հայրապետն ընդգծեց հոգեւորականների պատրաստության ու վերապատրաստության կարեւորությունը։ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի համայնքներում հոգեւոր հովիվների պակասը լրացնելու առումով Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց ի դեմս տիար Սեդրակյանի` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը` հոգեւոր կրթօջախների գործունեությանը աջակցելու, ինչպես նաեւ եկեղեցականների հետագա կրթությունն արտերկրի համալսարաններում ապահովելու համար:

Զրույցի ընթացքում հատկապես կարեւորվեց Միածնաէջ Մայր Տաճարի ամրակայման եւ հիմնանորոգության աշխատանքներին աշխարհասփյուռ հայության, ազգային ու համայնքային հաստատությունների մասնակցությունը` իբրեւ միասնականության խորհրդանիշ։Մտքեր փոխանակվեցին Մայր Տաճարի հոգատարության եւ անխաթար պահպանման նվիրական գործում ազգային-եկեղեցական կյանքին իրենց մշտական զորակցությունը ցուցաբերող բարերար հայորդիների, ինչպես նաեւ Հայոց Եկեղեցու յուրաքանչյուր հավատավոր զավակի աջակցությունն ապահովելու վերաբերյալ։

Հայաստանում Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող բազմատեսակ ծրագրերի շարքում առանձնացվեց դպրոցահասակ երեխաների ու պատանիների համար Հայաստանի տարբեր քաղաքներում Հայորդյաց տների գործունեությունը: Ներկայումս ՀԲԸՄ աջակցությամբ իրականացվում է Երեւանում Մալաթիայի Հայորդյաց տան հիմնանորոգության ծրագիրը:

ՀԲԸՄ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացնելով տարբեր համայնքներում իր հանդիպումների` ներառյալ օրերս Լիբանան կատարած այցելության մասին, շնորհակալություն հայտնեց Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքի համայնքներում հայապահպանությանը եւ հայկական մշակույթի պահպանությանն ուղղված ՀԲԸՄ բոլոր ձեռնարկներին Հայոց Եկեղեցու սպասավորների մշտական աջակցության համար։

Տիար Սեդրակյանը Վեհափառ Հայրապետի ուշադրությանը ներկայացրեց նաեւ Արցախում մեկնարկող մի քանի նոր ծրագրերի մանրամասները։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին` բարձրորեն գնահատելով Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին Միության կողմից ցուցաբերվող շարունակական զորակցությունը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ