Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոյի նոր գործադիր տնօրենն է

Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոընկերության նոր գործադիր տնօրենն է։ Նման որոշում է ընդունել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ այսօր տեղի ունեցած նիստում։ Խորհուրդը նաև ընդունել է հայտարարություն։

Ընդունված հայտարարությունում ասված է.

«Հանձնաժողովը, ղեկավարվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010 թ.‑ի սեպտեմբերի 6-ի № 50-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգի 2.14 կետի պահանջներով, որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Գարեգին Կորյունի Խումարյանին»:

Գարեգին Խումարյանը «Լրատվական ռադիոյի» ծրագրերի տնօրենն է։

Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թեկնածու Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գարեգին Խումարյանի անունը չի եղել մրցույթի վերջնական փուլ անցած հինգ թեկնածուների ցանկում, և որ Հեռուստառադիոընկերության խորհրդի նորանշանակ ղեկավար Արա Շիրինյանը «Լրատվական ռադիոյի» ծագրերի տնօրենին վերջին պահին է վերցրել ցանկ։

Արա Շիրինյանը, սակայն, հերքել է այս լուրը․ «Գարեգին Խումարյանն ի սկզբանե եղել է հավանական թեկնածուների ցանկում, ընդհանրապես 5 հոգի, թե 7 հոգի կհայտնվի հավակնորդների ցանկում՝ հանձնաժողովի ցանկությամբ է որոշվում: Ես հանձնաժողովի անդամ չեմ, ոչ էլ մասնակցել եմ քվեարկությանը»։

Մրցույթի մասնակիցներից Տիգրան Հարությունյանն էլ նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել արդյունքները. «Ավարտվեց Հանրային ռադիոյի տնօրենի «մրցույթը», այն բնավ մեկնաբանել չեմ ցանկանում, ունենք այն, ինչ ունենք»։

 

Ամենաթարմ