ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության (ՍՊՏԾ) Գառնիի երկրաֆիզիկական դիտարան այցելեցին Երևանից և հանրապետության 6 մարզերից ժամանած 87 դպրոցական և ուսուցիչներ։ Աշակերտները 2018 թվականի ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԵԳԻ) երկրաբանական թանգարանում տեղի ունեցած «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» մրցույթ-միջոցառման մասնակիցներն էին, ովքեր 2019 թվականի մարտի 20-ին միջոցառման արդյունքների ամփոփման ժամանակ ճանաչվել էին հաղթողներ և պարգևատրվել հավաստագրերով ու խրախուսական մրցանակներով:
ԱԻՆ ՍՊՏԾ և ԳԱԱ ԵԳԻ միջև ձեռք բերված համագործակցության արդյունքում կազմակերպվեց հաղթող թիմերի աշակերտների այցը Գառնիի երկրաֆիզիկական դիտարան։ Աշակերտները և ուսուցիչները ծանոթացան ծառայության տարբեր բաժինների աշխատանքին, մասնակցեցին թունելախորշում տեղադրված IRIS հայ-ամերիկյան կայանից ստացվող սեյսմոլոգիական տվյալների վերլուծության և փոխանցման աշխատանքներին, ներկա գտնվեցին հիդրոերկրաքիմիական լաբորատորիայում դիտակայաններից (հորատանցքերից) բերված ջրի նմուշների քիմիական կազմի ուսումնասիրությանը: Այնուհետև ՍՊՏԾ կոնֆերենց-դահլիճում դիտեցին երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների մասին ուսուցողական ֆիլմ, որից հետո անցկացվեց թեմատիկ քննարկում: Որպես արդյունք՝ աշակերտները համալրեցին և ամրապնդեցին մրցույթի ընթացքում երկրաշարժերի վերաբերյալ ստացած գիտելիքները։
Այցի ավարտին՝ հյուրերն այցելեցին Գառնիի պատմամշակութային արգելոց, որտեղ ծանոթացան 1679 թվականին երկրաշարժի հետևանքով կործանված հեթանոսական տաճարի և ամրոցի պատմության հետաքրքիր դրվագներին։ Նմանատիպ միջոցառումները ՍՊՏԾ կողմից կրում են շարունակական բնույթ և նպատակ ունեն դպրոցականների շրջանում ձևավորել սեյսմիկ անվտանգության մշակույթ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։