Գառնու տաճարի արքունական բաղնիքի խճանկարի վերականգնման երրորդ փուլն ավարտված է

Հրապարակող՝

Գառնու տաճարի մոտ, մարդիկ

Ամենադիտվածներ

Հոկտեմբերի 16-24-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի բաղնիքի տարածքում Իտալիայի Ֆլորենցիա քաղաքից (Opificio delle Pietre Dure) ժամանած խճանկարի վերականգնողների խումբը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնող մասնագետների հետ միասին իրականացրել է խճանկարի մաքրման և ամրակայման աշխատանքների երրորդ փուլը։
Այս փուլում մասնագետների կողմից հեռացվել է 1997-98 թթ․-ին ֆրանսիացի մասնագետների կողմից իրականացված ամրակայման աշխատանքների արդյունքում տեղադրված շերտը։ Ուսումնասիրվել է դրա տակ գտնվող խճանկարի հիմնաշերտը։ Իտալացի մասնագետների կողմից կատարվել է խճանկարից և պատերից նմուշառում և ուսումնասիրություն։ Հետազոտությունների մի մասն էլ Իտալիայում են իրականացվելու։
Խճանկարի վրա տեղ-տեղ կատարվել է ամրակայում՝ ներարկումների և թրջոցների միջոցով։ Բացված հատվածները ժամանակավորապես ծածկվել են գեոտեքստիլով և ամրակայվել ավազով, առավել վնասված հատվածներում խճանկարի վրա թողնվել է բամբակյա գործվածքը (ամրակայման նպատակով)։ Մաքրվել են նաև խճանկարով սենյակի պատերը։
Տարածքում տեղադրվել է երկլեզու (հայերեն և անգլերեն) ինֆորմացիոն վահանակ՝ կատարված աշխատանքների ներկայացմամբ։ Նախատեսվում է վերականգնման և ամրակայման աշխատանքների չորրորդ փուլն իրականացնել 2026թ․ գարնանը։
Բաղնիքի խճանկարի վերականգնումը իտալացի մասնագետների ներգրավմամբ մեկնարկել է 2025 թ․ ապրիլից։ Միջազգային ճանաչում ունեցող մասնագետները նմուշառումներ էին արել, հետազոտությունների հիման վրա էլ մշակվել է վերականգնման նախագիծն ու տեխնիկան։ Երկրորդ փուլն իրականացվել է սեպտեմբերի սկզբին։ Մասնագետները կատարել են խճանկարի չոր և թաց մաքրում, ինչպես նաև որոշ վնասված հատվածների ամրակայում հատուկ նյութերով։

Ամենաթարմ