Գազայի հատվածում այլևս պայմաններ չկան մարդասիրական օգնության արդյունավետ մատակարարման համար։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Խորը ափսոսանքով տեղեկացնում եմ Խորհրդին, որ ներկա պայմաններում այս մանդատի իրականացումն անհնար է դարձել։ Մարդասիրական օգնության արդյունավետ մատակարարման համար պայմաններ այլևս չկան», – նշել է նա։
Գուտերեշը հիշեցրել է, որ Անվտանգության խորհուրդը 2712 բանաձևում կոչ է արել ավելացնել մարդասիրական օգնության մատակարարումները խաղաղ բնակչության, հատկապես՝ երեխաների կարիքները բավարարելու համար։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է Գազայում ներկայում տեղի ունեցող իրադարձությունների անթույլատրելիությունը՝ շեշտելով, որ ՀԱՄԱՍ-ի դրսևորած դաժանությունը հիմք չէ Պաղեստինի ամբողջ ժողովրդին պատժելու համար:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իսրայելի վրա հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ի մարտիկների կողմից իրականացված սպանությունները, ինչպես նաև պատանդներ վերցնելը ևս արդարացում չունեն։