Քաղաքականություն

Վրաստանի ֆասիլիտատորի հայտը. Տարածաշրջանային հավակնությունները դեմոկրատական հետընթացի ֆոնին

Վրաստանը հայտ է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու գործում ֆասիլիտատորի դեր ստանձնելու համար։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին՝ ընդգծելով, որ Վրաստանը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

Չնայած Վրաստանի աշխարհագրական դիրքը և տարածաշրջանային դերակատարումը որոշակի ռազմավարական առավելություններ են տալիս, երկրի ժողովրդավարական հետընթացը կասկածի տակ է դնում նրա չեզոքությունը՝ որպես միջնորդ։ Արդեն 64 օր է, ինչ Վրաստանի տարբեր քաղաքներում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ կառավարության ավտորիտար միտումների, ինչը լուրջ քննադատության է արժանացել ժողովրդավարական պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից։

Վրաստանի՝ եվրոպական ինտեգրումից հետքայլը հակադրվում է Հայաստանում ընթացող ԵՄ-ին անդամակցության գործընթացին։ Վրաստանի իշխանությունները ոչ միայն դանդաղեցնում են եվրաինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումները, այլև մեղադրվում են ավտորիտար պետությունների հետ կապերը խորացնելու մեջ։ Այս ֆոնին Վրաստանի՝ որպես տարածաշրջանային խաղաղության միջնորդ հանդես գալու ցանկությունը հակասական է թվում, հաշվի առնելով նրա ներքին կառավարման խնդիրները և միջազգային հեղինակության նվազումը։

Հայաստանը, հաշվի առնելով վերոնշյալ գործոնները, չպետք է միարժեքորեն ընդունի Վրաստանի նախաձեռնությունները, այլ անհրաժեշտ է խուսափել հնարավոր ռիսկերից՝ պաշտպանելով ազգային շահերը։ Այնուամենայնիվ, Վրաստանը որպես տարածաշրջանային խաղացող, որոշակի ազդեցություն կարող է ունենալ եվրաինտեգրման գործընթացներին, ինչը Հայաստանին ստիպում է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել։

Սակայն, հաշվի առնելով Վրաստանի քաղաքական կուրսի անկայունությունը, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ազդեցիկ երկրները կարող են խոչընդոտել նրա դերի կարևորացմանը։ Այսպիսի բարդ քաղաքական խաղերը պետք է համակարգվեն ինստիտուցիոնալ մակարդակում՝ բացառելով հակահայկական շահարկումների հնարավորությունը։ Հայաստանը պետք է մշակի ռազմավարություն, որը թույլ չի տա որևէ տարածաշրջանային պետության օգտագործել կոնֆլիկտները՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։

Այս գործընթացում կարևոր է ապահովել դիվանագիտական ներգրավվածության ինստիտուցիոնալացումն ու միջնորդական գործողությունների թափանցիկությունը՝ պահպանելու տարածաշրջանային խաղաղության և կայունության հավասարակշռված մոտեցումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ