ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հավաստմամբ՝ գերիների վերադարձի հարցը մշտապես բարձրաձայնվում է միջազգային ցանկացած հանդիպման ժամանակ:
«Միջնորդությունները մի րոպե անգամ չեն դադարել: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ զրույցների կետերի մեջ այդ խոսակցությունները եղել են, կան ու կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը չեն վերադարձել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Անդրադառնալով Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառմանը, ըստ որի՝ «Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը», հարցին՝ խաղաղության գործընթացի ֆոնին ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի նման գործելաոճը, ԱԺ նախագահն նշել է. «Ադրբեջանը մշտապես այդ գործելաոճն ունեցել է, դրանք փորձել է օգտագործել բանակցությունների ընթացքում: Ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, որոնք կային թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանցից հետո, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանալու բանակցել, բանակցային պրոցեսը շարունակվում է, և հարևան երկրից ևս խոսում են խաղաղության մասին»:
Սիմոնյանը նաև ընդգծել է. «Մենք հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին: Մենք կարծում ենք, որ առաջնային պետք է լուծենք անվտանգության հարցերը, իսկ դա լուծում են հարևանների հետ խաղաղություն հաստատելով և ուժեղ բանակ ունենալով»: