Գերմանական Հանաու քաղաքում հրաձգության համար կասկածվողին մահացած են հայտնաբերել նրա իսկ տանը. նրա կողքին ևս մեկ մարմին է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել տեղի ոստիկանությունը։
«Այս պահին որևէ ապացույց չունենք այլ հարձակվողների մասին»,-նշվում է գերատեսչության Twitter-ի հաղորդագրության մեջ:
Կասկածյալի անունը դեռևս հայտնի չէ: Այլ մանրամասներ նույնպես չեն հաղորդվում, թե ինչպես է կասկածյալը մահացել, ինչ հանգամանքներում: Նշվում է միայն, որ նա նամակ և տեսաձայնագրություն է թողել, որում խոստովանել է հանցանքը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ անձն այս գիշեր հրաձգություն է իրականացրել երկու բարերում և բուքմեյքերական գրասենյակում, ինչի հետևանքով զոհվել է ինը մարդ, ևս մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել: