Հայաստանի Հանրապետության Բանակի հիմնադրման 34-րդ տարեդարձի կապակցությամբ Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որին մասնակցեցին Գերմանիայում հավատարմագրված դիվանագետներ, ռազմական կցորդներ և ԳԴՀ ՊՆ ներկայացուցիչներ։
Ներկաներին ողջունեց ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ներկայացրեց լեգիտիմության, փոխկապակցվածության, կանխատեսելիության և խաղաղության դերը՝ իբրև պետության անվտանգության ապահովվման շարակարգեր։
Դեսպանը ներկայացրեց տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը և դրական զարգացումները, կարևորեց ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի միջև ստորագրված ՀՀ և ԳԴՀ միջև ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Իր խոսքի վերջում Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանի բոլոր գործընկերներին, այդ թվում՝ Գերմանիային, հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շարունակական ջանքերին աջակցելու համար։
Ելույթ ունեցավ նաև ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Բարսեղյանը, ով ներկայացրեց Զինված Ուժերի բարեփոխումների գործընթացը։

