Հովհաննես Թումանյանի «Գիքոր» պատմվածքի հիման վրա կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանը 1973թ. ստեղծում է համանուն օպերան: Բեմադրությունը, սակայն, արդեն 33 տարի օպերային թատրոնի խաղացանկից դուրս է:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ օպերան կրկին բեմ է բարձրանում: Առաջնախաղը կայացավ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում:
«Գաղափարի իրականացման ամբողջ ընթացքը բավականին հետաքրքիր ու միաժամանակ բարդ էր: Օպերայի պարտիտուրան ժամանակին թատրոնից կորել էր, ինչը մի պահ անհնարին էր դարձնում մեր նախաձեռնության իրագործումը: Սակայն արխիվային նյութերի շնորհիվ հնարավոր դարձավ գտնել ու վերականգնել այն: Օպերային երկրորդ կյանք տալ հնարավոր եղավ մի շարք աջակիցների շնորհիվ: Սա Տիգրանյան դպրոցի սաների արդեն երկրորդ լուրջ աշխատանքն է՝ «Անուշ» օպերայի բեմականացումից հետո, որը ներկայացրեցինք անգամ օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում», – նշում է Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը:
Նախագծում ներգրավված է դպրոցի ավելի քան 150 սան, այդ թվում՝ վոկալիստներ, նվագախումբի, երգչախումբի ու պարի խմբի, նաև թատերական ստուդիայի սաներ:
Գլխավոր՝ Գիքորի դերակատարը, որքան էլ տարօրինակ թվա, աղջիկ է՝ Անի Թամազյանը: Հետաքրքիր է, որ ժամանակին Գիքորի դերը կատարել է նաև հենց նրա տատիկը:
Բեմադրությունը նվիրված է Թումանյանի 150-ամյակին: «Գիքոր» օպերան կներայացվի նաև ՀՀ մարզերում՝ Վանաձորում, Գյումրիում: