fbpx
Ընտրանի

Ես իմ ընտրությունը կատարել եմ՝ պատերազմ գնալով և պատրաստվում եմ վերահաստատել՝ մասնակցելով ընտրություններին

zivoragrvel

Ես Նիկոլի ժամանակ գնացել եմ պատերազմ, որովհետև հավատացել եմ, որ մեր արցախցի հայրենակիցներն ունեն կյանքի, առողջության, սեփականության, ազատության ու իրավունքի պաշտպանության կարիք, որը կարող ենք փրկել: Հիասթափված ու գլխիկոր վերադարձել եմ, ինչպես բոլորը, բայց չեմ հուսալքվել ու վհատվել, որովհետև հակառակը կլիներ կա՛մ ինքնասպանությունը, կա՛մ արկածախնդրությունը՝ փորձելով վնաս հասցնել թշնամուն ու չմտածել հետևանքների մասին: Մեր տղերքն, ովքեր չեկան, իրենց կյանքերով Արցախի մի մասի ու լիքը կյանքերի փրկություն բերեցին, այդ թվում և ինձ։ Իրենց պատգամը խաչով պետք է տանենք հավերժ։

Ես հավատացել եմ մեր միասնականության ուժին, չլինելով իշխող ուժի քաղաքական գաղափարակիցը, ու կամավորագրվել զինված ուժերին: Հավատացել եմ, որ մեկ բռունցք դառնալն օրհասական է մեզ համար ու միացել եմ բանակին՝ հետևելով հազարավոր քաջերի:

Ես հավատացել եմ բանակին, որովհետև ցանկացել եմ՝ մեր բանակը լինի Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավորը և տարածաշրջանում ու աշխարհում լինի խաղաղության դոնոր՝ փրկի կյանքեր, պաշտպանի կարիքավորին, զորություն ու պարծանք բերի մեզ: Ուզում էի, որ ինքնիշխանությունն ու ազատությունը վրա հասնեն մեր կռվից հետո: Կռիվը պրծավ, բայց պատերազմը ոչ:
Պատերազմից պոկված պայքարի մի այլ տեսակ սողոսկեց երկրի ներս, որը վնասազերծված է, կարելի է ասել, և որի հանգուցալուծումը հավանաբար կլինի այս ընտրությունները:

Կռվի ժամանակ կոչ չեմ արել, որ միանաք կռվին, դա համապատասխան մարմինների ու մարդկանց գործն է, բայց այս անգամ հորդորում եմ՝ գնալ ընտրության ու թույլ չտալ, որ Հայաստանում իշխանության գան ալիևյան կլանի տեղական մեդիա-բայրաքթարները, Հայաստանի ընդերքը իրենց երեխեքի ու թոռների համար սեփականություն դարձրած գանձագողերը, պետական բոլոր հիմնարկներից ու հիմնարկներով համակարգված փող հավաքող ջեբկիր բոսյակները, բերանը հանրության առաջ կոյուղու պես բացող սրբապիղծները, որոնք, լինելով այդպիսին, համարձակվում են հանրույթի որևէ հատվածին անվանել՝ ժեխ, զոմբի ու բոզի տղա։ Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի, հիսունից ավել քաղաքական սպանությունների կնքահայրերը չպետք է կառավարեն Հայաստանի Հանրապետությունը: Նրանք երկիրը ուզում են մտցնեն օտար երկրի տիրապետության տակ, իշխանությունը դարձնեն ժառանգաբար՝ հորից որդու անցնող խալիֆաթ։

Ես չեմ ուզում, որ այդ իրան էլիտար հռչակած արատավոր դասակարգը երկիրը կառավարի հակամարդկային, թշնամական ու ավտորիտար մոդելով, ծառայի օտարին, ատի ու կեղեքի սեփական ժողովրդին: Չեմ ուզում, որ գա ու բոլորիս հեռախոսները լսի, ֆեյսբուքի անձնական նամակագրությունները կարդա, մտնի բոլորիս անձնական կյանքեր, ոստիկանությանն ու ԱԱԾ-ին դարձնի մարդկանց ու ընտանիքներին ահաբեկելու գործիք, դագանակ՝ ակտիվիստների գլխին, մտնի բիզնեսներ՝ փայ խլի, մտնի անձնական տարածք՝ սեփականություն ու ինքնություն խլի, ազատ ու կշռադատված խոսքի համար սպանի կամ ազատությունից զրկի մարդկանց։ Չեմ ուզում, որ լիքը մարդիկ ու նաև ես, էլի դուրս գանք փողոց, որ պայքարենք բոլորիս տարրական իրավունքների ու ազատութունների համար: Դրա համար անհրաժեշտ է մեկանգամյա պարզ գործողություն՝ գնալ ընտրատեղամաս ու վերջակետ դնել այդ քրեաքաղաքական կազմավորման ծննդականի սկզբում՝ ընտրելով տարիներ շարունակ Հայաստանի ժողովրդավարացման, մարդու իրավուքների ու ազատությունների համար պայքարած ուժերին:

Գնացեք ընտրության ու վերջակետ դրեք անցյալի գարշանքին, որ ապագայում տեղ չունենա: Այսօր ամենալավ ընտրության հարցը չենք լուծում, բայց լուծում ենք խնդիրներից մեկը՝ ինչ չի կարելի թույլ տալ, որ լինի:

Ամեն բան, վստահաբար եմ ասում, կախված է մեզանից: Եթե այնպիսի մեծություն դնենք նժարին՝ քվեներով, որ օտարերկրյա գործակալներն ու ալիևյան կլանի տեղեկատվական պրոպագանդան չկարողանան բարձրացնել, կունենանք մեր բաժին պետականությունը, և ինչքան դնենք, այդքան կունենանք: Չդրեցինք, ուրեմն տևական ժամանակ էլի պետականության վերականգնման փնտրտուքին ու պայքարին ենք անցնելու մենք ու մեր սերունդները:

Այո, երկընտրանքի պատասխանատուն գործող իշխանություններն են ու կապ չունի՝ գիտակցաբար բերեցին սրան, թե ոչ, ու ոչ մեկ չի շրջանցի դա՝ հրաժարականով, թե սեփական դիմումով դուրս գալով, վախից ձայն չհանելով, ծպտվելով, կամ ամոթից գետինը մտնելով, մեկ է՝ բոլորն ունեն պատասխանատվության բաժին, որովհետև կարող ու ցանկություն ունեցող ուժերի չներգրավեցին պետականաշինության գործին, իսկ փոխարենը պահեցին նախկինի ուրվականներին ու ստացան մեջքից հարվածներ, չվերափոխեցին խոստացված կարևորագույն ինստիտուտները, ու կրկին անգամ թույլ տվեցին, որ ժողովուրդը ստիպված կանգնի երկընտրանքի առաջ: Եվ սրա համար բոլորիս առաջ ինքնակամ պատասխան են տալու վերջին պատերազմի հետևանքով արտահերթ ընտրությունները հաղթահարելուց հետո:

Ես իմ ընտրությունը կատարել եմ՝ պատերազմ գնալով և պատրաստվում եմ վերահաստատել՝ մասնակցելով ընտրություններին։ Դրանով ես կանգնելու եմ իմ քաղաքական հայացքների, արժեքների ու սկզբունքների կողմում՝ համամարդկային ու ազգային նպատակներին հասնելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ