fbpx
Կրթություն

Գոգյանը ներկայացրել է ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշման պատճառները

Այսօր հայտնի էր դարձել, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։

Նա իր Facebook-ի էջում ներկայացրել է 3 պատճառ՝ պաշտոնից ազատման որոշում կայացնելու համար։

«ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ․

1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետերի տարբերության, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն։

2. 2019 թվականի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև։

3. Նշանակումից երեք ամիս անց կնոջս հետ պայմանավորվեցինք, որ եթե նա ասի, որ մեծամտացել կամ հղփացել եմ, ապա նույն օրն աշխատանքից ազատման դիմում կգրեմ։ Նա այդպիսի բան դեռ չի ասել, բայց իր կարծիքով ես սկսել եմ ավելի քիչ ուրախանալ։ Իսկապես, այս աշխատանքն ինձ սկսել է հաճույք չպատճառել, քանի որ հստակ գիտակցում եմ, որ աշխատանքիս արդյունավետությունը կտրուկ ընկել է։

Հ․Գ․ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետին՝ այս պատասխանատու ժամանակաշրջանում ինձ այդպիսի պատասխանատու պաշտոն վստահելու համար», –  գրել է Գոգյանը։

https://www.facebook.com/gogyan/posts/10157281550148441

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ