Եթե ձգտում ես լինել միշտ առաջինը, լինում ես: Այդպես մանկուց միշտ ձգտել եմ լինել հաղթող ցանկացած պայքարում: Այդպես շարունակում եմ ռինգում, և այդ ձգտումն օգնում է ինձ առաջ շարժվել պրոֆեսիոնալ բռնցքամարտում:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր հաղթանակները պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն, Punch Boxing պրոմոուտերական ընկերության ներկայացուցիչ Գոռ Երիցյանը, որն այս օրերին պատրաստվում է իր 10-րդ հոբելյանական մենամարտին:
Գոռ Երիցյանի 10-րդ մենամարտը կայանալու է փետրվարի 9-ին Սոչիում: Հիշեցնենք, որ 24-ամյա բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր դեկտեմբերի 19-ին՝ երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթելով ֆիլիպինցի Ալվին Լագումբային: Դա հայ բռնցքամարտիկի 9-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ նա տարավ 9-րդ հաղթանակը և նվաճեց WBO աշխարհի երիտասարդների չեմպիոնական գոտին:
Գոռ Երիցյանը մենամարտին պատրաստվում է Երեւանում՝ մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ և պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանը ներկայացնող մյուս բռնցքամարտիկների աջակցությամբ: Հոբելյանական մենամարտի վերջին մարզումային փուլը բռնցքամարտիկը կանցնի Սոչիում՝ հունվարի 30-ից:
«Պատրաստվում եմ հերթական մենամարտիս, որը նախորդ մենամարտիցս շատ կարճ ժամանակ անց կկայանա: Այս ընթացքում հասցրեցի հանգստանալ, սակայն մարզումներից ոչ մի օր չհրաժարվեցինք:
Մրցակիցս արդեն հայտնի է՝ արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնե: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 19 մենամարտ՝ 16 հաղթանակ, 3 պարտություն: Ուժեղ բռնցքամարտիկ է, 33-ամյա: Կարծում եմ, հետաքրքիր մենամարտ կլինի:
Ենթադրվում էր, որ հաջորդ մենամարտս լինելու էր տիտղոսի պաշտպանություն, սակայն սա վարկանիշային է: Տիտղոսս չեմ պաշտպանելու եւ դեռ հայտնի չէ, թե երբ կլինի տիտղոսի պաշտպանության մենամարտ: Այժմ մեր խնդիրը վարկանիշային աղյուսակում բարձրանալն է, այժմ 60-րդն եմ: Պետք է վարկանիշային միավորներ վաստակեմ, որպեսզի կարողանամ ավելի բարձր գոտիների համար ձեռնոց նետել: Կարծում եմ՝ մի քանի մենամարտ հետո նոր բարձր գոտու մենամարտ կանցկացնեմ:
9 մենամարտ եմ արդեն անցկացրել եւ դեռ ոչ մի պարտություն չունեմ. սա մեր հզոր թիմի աշխատանքի արդյունքն է: Մենք ունենք հրաշալի պրոմոուտեր, մեր կողքին է լեգենդար մարզիչ Դավիթ Թորոսյանը, նրանք մեծ ու դժվար աշխատանքն են տանում մեզ հետ այս արդյունքներին հասնելու համար: Պրոմոուտեր Արամ Դավթյանի առաջարկով յուրաքանչյուրիս մենամարտերին, էական չէ, թե ով է դուրս գալու ռինգ մեզանից, մեկնում ենք, փորձում ենք լինել իրար կողքին, աջակցել: Այդպես իմ մենամարտերին միշտ իմ կողքին են Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը, և նրանց աջակցությունը ես լիարժեք զգում եմ թե մարզումների ժամանակ, թե մրցավայրերում, ռինգում: Ընտանիք ենք դարձել եւ միասնական աշխատանք ենք տանում:
Իհարկե, այս ամենը չէր լինի, եթե մեզանից յուրաքանչյուրս ձգտում չունենայինք և չաշխատեինք մեր վրա: Եթե մարդ ձգտում չունի լինել առաջինը, այլ նախըտրում է լինել երկրորդը, երրորդը, ուրեմն ավելի լավ է առհասարակ ոչինչ չանի, չլինի: Մանկուց ձգտել եմ լինել առաջինը, հաղթողը յուրաքանչյուր պայքարում: Այդ ձգտումն այժմ տեղափոխվել է պրոֆեսիոնալ ռինգ և աստիճանաբար հասնում եմ այն ամենին, ինչին ձգտել եմ»,- ասաց Գոռ Երիցյանը: