Իրավական

Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ Նա հրավիրվել է դատախազություն:

Այս մասին ՀԺ-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Դատարանի որոշումով Վլադիմիր Գասպարյանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։

Հարցին՝ որքա՞ն է արգելանք դրված գույքի չափը, Աբրահամյանը չպատասխանեց՝ պարզաբանելով, որ անձնական բնույթի տեղեկատվություն տալու նպատակահարմարություն այս պահին չեն տեսնում:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը նշեց, որ այս պահին ապօրինի ծագման գույքի բռնագանձման ընթացիկ ուսումնասիրություններից 3-ն ավարտվել են.

«Դրանցով անցնող շահագրգիռ անձինք հրավիրվել են ծանոթանալու ուսումնասիրված նյութերին, ինչպես նաև դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: Դրանից հետո կլուծվի դատարան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու կամ չհարուցելու հարցը»,- ասաց Աբրահամյանը՝ եզրափակելով, որ դատախազությունն իր լիազորությունները լիարժեք իրացնում է:

Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց անցած տարի ձայների 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նախագծով պետությանն իրավունք է վերապահվում բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը, եթե դատարանը որոշի, որ դրա շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն դրամը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ