Գյումրիում անկարգությունների 41 մասնակիցների նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Հրապարակող՝

vostikan

Ամենադիտվածներ

2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հարուցված քրեական գործի շրջանակում 24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը։ Կալանավորվածների թվում կան նաև 2 անչափահասներ, որոնցից մեկը գտնվում է տնային կալանքի տակ։

Ըստ նախաքննության, անկարգությունները սկսվել են այն պահին, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում իրականացրել են քննչական գործողություններ։ Մի խումբ անձինք հավաքվել են համայնքապետարանի մոտ, այդ թվում՝ մուտքերի մոտ և շենքի ներսում, խոչընդոտել են քննության ընթացքին՝ կատարելով զանգվածային անկարգություններ։

Մասնակիցները կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի մուտքերը, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը և համայնքապետարանի գույքը։ Բացի այդ, բռնություն է գործադրվել Ոստիկանության ծառայողների նկատմամբ, նրանց ուղղությամբ նետվել են կրակայրիչներ և շշեր, ինչպես նաև հնչեցվել վիրավորական արտահայտություններ։

Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 19 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը)։ 10 անձի նկատմամբ հարուցվել է հետապնդում 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելը)։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ամենաթարմ