Հաագայում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին նվիրված միջոցառումները

Հաագայի կենտրոնում գտնվող Pathe Buitenhof կինոթատրոնում մարտի 14-ին մեկնարկել են Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին նվիրված միջոցառումները, որոնց համակազմակերպիչը և համահովանավորն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Հայաստանի դեսպանությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այս տարի Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումները տեղի են ունենում «Ֆրանկոֆոնիան՝ պատասխանատու նորաձևության կողմնակից» (La Francoponie en mode responsable) խորագրի ներքո։

Just Black-ի հիմնադիր Գայանե Մանուկյանն իր խոսքում կարևորել է տեքստիլ արդյունաբերության մեջ վերամշակված նյութերով աշխատելու և դրանով իսկ շրջակա միջավայրի մասին հոգ տանելու ու պահպանելու կարևորությունը, նաև կիսել իր ոգևորությունը՝ Հայաստանում պլաստիկ տոպրակների արտադրությունն արգելող օրենքի ընդունման կապակցությամբ։ Նա շեշտել է, որ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված օրենսդրությունը հայ արտադրողին պարտադրում է ավելի պատասխանատու դառնալ բնության հանդեպ և գտնել նոր լուծումներ ու ճանապարհներ՝ Հայաստանում էկոլոգիապես մաքուր նորաձևություն ունենալու համար:

Միջոցառման ընթացքում Pathe Buitenhof-ի սրահում մի շարք ՖՄԿ անդամ երկրների նորաձևության տների կողմից ներկայացվել են իրենց աշխատանքները։ Ցուցադրվել է Just Black-ի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ, ինչպես նաև նոր՝ 2019 թվականի հավաքածուից մի քանի նմուշ, որոնց ստեղծման ընթացում դիզայներն օգտագործել էր վերամշակված նյութեր։ Հայկական նորաձևության տան արտադրանքը բարձր գնահատականի է արժանացել մասնակիցների կողմից։

Նորաձևության ցուցադրմանը հետևել է միջոցառման համակազմակերպիչ երկրների ազգային ուտեստների հյուրասիրություն։

 

Ամենաթարմ