Արցախ

Հադրութում նոր ծրագրեր են նախատեսվում. Արայիկ Հարությունյանն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին

Արցախի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին ընդունել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին:

Վերջինս հանդես է եկել շրջանում համավարակային կայուն իրավիճակի, բերքահավաքի ընթացիկ աշխատանքների և հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական խնդիրների մասին համապարփակ զեկուցմամբ:

Հանդիպմանը քննարկվել են կապիտալ շինարարության տարբեր ծրագրեր: Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ «Դիզակշին» ընկերությանը լրացուցիչ 140 մլն ՀՀ դրամ կհատկացվի, որից 70 մլն-ը՝ ներհամայնքային ճանապարհների սալապատման, 40 մլն-ը՝ շրջանում բարեկարգման աշխատանքների իրականացման համար: Եվս 65 մլն ՀՀ դրամ հատկացվելու է շրջանի վարչակազմին՝ պետական աջակցության ծրագրի շրջանակներում սոցիալական տարբեր խմբերի շինանյութ տրամադրելու նպատակով: Նախագահի խոսքով՝ այս տարի հերթացուցակում գտնվող շրջանի բազմազավակ ընտանիքների համար նախատեսված 12 առանձնատան փոխարեն կկառուցվի 18 առանձնատուն: Կուսումնասիրվի նաև Հադրութ քաղաքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման հնարավորությունը:

Արցախի ղեկավարը նշել է, որ պետական միջոցներով շուտով կսկսվեն Տող-Տումի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, ինչպես նաև պետական ծրագրում կներառվի Թաղուտ համայնքում նոր դպրոցական շենքի կառուցումը:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ