Մայիսյան եռատոնին ընդառաջ՝ Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է հայրենասիրական դաս-արշավ դեպի շրջանի Մելիքաշեն համայնք։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը:
Արշավին մասնակցել են երիտասարդներ, պատանիներ, պաշտպանության բանակի զինծառայողներ և կամավորականներ։
Ըստ Ե. Հայրիյանի՝ Հադրութի Ազատության հրապարակում արշավի մասնակիցներին տեղեկացրել են մելիքաշենցիների՝ պատերազմի ժամանակ կատարած մարտական գործողությունների մասին, այնուհետև Արցախյան պատերազմի վետերաններ Արթուր Սարգսյանը և Սերժիկ Ղուկասյանը հանդես են եկել ելույթներով, իսկ «Պատմական միջավայրի պահպանություն» Հադրութի շրջանային ծառայության պետ Գայանե Բուդաղյանն էլ ներկայացրել է Մելիքաշենի պատմությունը։ Արշավի մասնակիցները ոտքով հասել են Մելիքաշենի եկեղեցի, որտեղ կատարել են մոմավառություն, որից հետո ներկաներին հյուրասիրել են արցախյան ուտեստներով, որին էլ հաջորդել է մշակութա-ժամանցային ծրագիր։
«Մենք պարբերաբար կազմակերպում ենք նման միջոցառումներ, որի նպատակն է երիտասարդության մեջ սերմանել հայրնեասիրություն, ինչպես նաև ծանոթացնել մեր հայրենիքի պատմական անցյալին: Դաս-արշավները խթան են հանդիսանում նաև նոր ընկերների ձեռքբերման և լիարժեք օր անցկացնելու համար»,- մասնավորապես ասել է Ե. Հայրիյանը: