Հաղթանակը հեշտ չտրվեց, պայքարը շատ թեժ էր․ Սամվել Տեր-Սահակյան

Ամենադիտվածներ

Շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը խոստովանել է՝ իր համար երազանք էր Հայաստանի հավաքականում ընդգրկվելն ու շախմատի 44-րդ Օլիմպիադային մասնակցելը, որը կկայանա այս տարվա օգոստոսի 5-17-ը Մոսկվայում։ Իսկ նման հնարավորություն Սամվել Տեր-Սահակյանը ստացել է կարիերայում առաջին անգամ Հայաստանի չեմպիոնությունը նվաճելու շնորհիվ․

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ շախմատիստի երազանքը Հայաստանի հավաքականում ընգրկվելն ու նման շախմատիստների կողքին խաղալն է։ Երազանք էր իհարկե նաև Օլիմպիադային մասնակցելու իրավունք նվաճելը։

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելուն, պետք է ասեմ, որ հաղթանակը հեշտ չտրվեց, քանի որ պայքարը շատ թեժ էր։ Չի՛ կարելի ասել, որ չեմպիոնությունը կամ որևէ պարտիայում հաղթանակն ինձ հեշտ տրվեց։

Մամիկոն Ղարիբյանը, որը միակ մասնակիցն էր, ով գրոսմայստերի կոչում չուներ, բայց շատ բարձրակարգ շախմատ էր ցուցադրում ամբողջ մրցաշարի ընթացքում ու պատահական չէր, որ հենց մեր պարտիայում ես չկարողացա ամբողջությամբ լուծել իմ առջև դրված խնդիրը, փաստորեն նույնիսկ ոչ-ոքին բավական կլիներ, բայց լարված խաղ էր ընթանում ու իմ նյարդերն առաջինը տեղի տվեցին։ Չեմ կարող ասել, որ ինչ-որ բան այն չէի անում, պարզապես մրցակիցս շատ ուժեղ շախմատիստ էր »,- խոստովանում է Սամվել Տեր-Սահակյանը։

Օլիմպիադայից առաջ Սամվել Տեր-Սահակյանը մայիսին կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը, ինչպես նաև նախատեսված են մի շարք ուսումնամարզական հավաքներ ու միջազգային մրցաշարեր։

Հիշեցնենք՝ Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարում միակ պարտությունը կրել է 8-րդ տուրում երիտասարդ շախմատիստ Մամիկոն Ղարիբյանից, իսկ վերջին՝ 9-րդ տուրում, միավորները կիսել է Շանթ Սարգսյանի հետ, ինչ, այդուհանդերձ, չի խանգարել Տեր-Սահակյանին հռչակվել Հայաստանի չեմպիոն։

Գրում է ArmSport-ը։

Ամենաթարմ