Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկու հետ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև ստորագրվել է մրցակցության քաղաքականության ոլորտում փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կողմերը կհամագործակցեն հակամենաշնորհային/մրցակցային օրենսդրության խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրությունների իրականացման, իրավակիրառ պրակտիկայի, աշխատակիցների որակավորման բարձրացման և մեթոդների, մրցակցության քարոզչության և այլ ուղղություններով փորձի փոխանակման միջոցով:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ընդգծել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության հետ տարիների ընթացքում ձևավորված համագործակցության բարձր մակարդակն ու բարեկամական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ հուշագրի ստորագրումով հիմքեր կդրվեն այդ գործակցությունը խորացնելու և որակապես առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Այս համատեքստում հատկապես կարևորվել է նոր և միասնական մոտեցումների կիրառումը տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ:
Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս: