fbpx
Սպորտ

Հակառակորդս վարկանիշով բարձր չէր, բայց շատ դժվարություններ էր ստեղծում․ Գոռ Երիցյան

Օգոստոսի 17-ին ԱՄՆ-ի Բուրբանկ քաղաքում կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաղթեց ամերիկացի Դերիոն Չեպմանին: Մեր բռնցքամարտիկն անցկացրեց կարիերայի 11-րդ պրոֆեսիոնալ մենամարտն ու տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակը:

Անպարտելի մարզիկը այսօր՝ օգոստոսի 26-ին, հայ լրագրողների հետ ամփոփեց իր նորամուտն ամերիկյան ռինգ.

«Թե ֆիզիկապես, թե տեխնիկապես շատ լավ պատրաստ էի մենամարտին:

Մենամարտի մասին կարող եմ ասել, որ հակառակորդս վարկանիշով բարձր չէր, բայց շատ դժվարություններ էր ստեղծում, քանի որ ինքը ոչ միայն բռնցքամարտիկ է, այլև MMA-ում է մենամարտել, կռվելու իր ոճով խնդիրներ էր առաջացնում: Մրցակիցս ձախլիկ էր, ինձնից բարձրահասակ: Ամբողջ մենամարտի ընթացքում փախչում էր: Բայց դա ինձ չխանգարեց»:

8 ռաունդից բաղկացած մենամարտն ավարտվեց արդեն 5-րդ ռաունդում. չդիմանալով Գոռի հարվածների ուժգնությանը՝ ամերիկացին 5-րդ ռաունդից հետո հրաժարվեց պայքարից.

«Ճիշտ է՝ երկու անգամ նրան նոկդաունի ենթարկեցի, բայց երկու անգամ էլ չհաշվեցին: Իսկ 5-րդ ռաունդում նա հրաժարվեց հետագա պայքարից, որովհետև հարվածները շատ ծանր էին: Ինձ թվում է՝ ճիշտ որոշում կայացրին՝ հետագայում առողջական խնդիրներից խուսափելու համար: Հիմա արդեն եկել ենք Երևան, բարձր տրամադրությամբ կհանգստանանք, կվերականգնվենք, որ նորից շատ մեծ ուժերով շարունակենք պատրաստվել առաջիկա մենամարտերին»:

Անդրադառնալով այն հարցին, թե ԱՄՆ-ում կայացած մենամարտի նախապատրաստական շրջանում ով է եղել իր մարզիչը՝ Երիցյանը նշեց, որ հենց ԱՄՆ-ում էլ պատրաստվել է մենամարտին ու այս անգամ իրեն մարզել է ոչ թե Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, այլ ամերիկացի նախկին բռնցքամարտիկ, մարզիչ Ֆրեդերիկ Ռոուչը, որն առավել հայտնի է որպես Ֆրեդդի Ռոուչ: Սակայն բռնցքամարտիկը չի բացառել հետագա համագործակցության հնարավորությունը Դավիթ Թորոսյանի հետ.

«Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք: Ոչինչ չի բացառվում»:

Կարիերայի ընթացքում տարբեր վայրերում՝ Ռուսաստանում, Իսպանիայում, հիմա՝ արդեն ԱՄՆ-ում մենամարտած Գոռը ներկայացրեց վայրերի տարբերությունը:

«Տարբերությունը շատ մեծ է: ԱՄՆ-ում ամեն ինչն է տարբերվում: Շատ տարբեր են թե՛ պատրաստվելու ցիկլերը՝ սպարինգները, թե բուն մենամարտերը: Եթե Մոսկվայում կամ այլ տեղ լինում են հակառակորդներ, որոնք պարտություններ ունեն, ապա բոլորովին այլ կերպ են մենամարտում: Իսկ ԱՄՆ-ում, նույնիսկ եթե մրցակիցը պարտություններ ունի, մեկ է՝ ամեն մենամարտին ռինգ է դուրս գալիս հաղթելու համար: Այսինքն, ամեն պարտված հակառակորդ այստեղ շատ ավելի վտանգավոր է, քանի որ կորցնելու բան չունի: Տարբերությունը դա է, որ բոլորը մինչև վերջ պայքարում են, նրանց համար նշանակություն չունի՝ 5 անգա՞մ են պարտվել, թե՞ 1, թե՞ մրցակիցն ընդհանրապես պարտություն չունի: Դա դժվարեցնում է մենամարտերը»:

Ասուլիսի ավարտին Երիցյանը հույս հայտնեց, որ շուտով ավելի շատ հաճելի նորություն կլինեն իրենց հետ կապված՝ նշելով, որ պատրաստ են մեծ մենամարտերի ու մեծ հաղթանակների:

Աղբյուրը՝ Armsport.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ