Սիրիայի Հալեպ քաղաքում հավատացյալները ակտիվորեն վերադառնում են վերականգնված հայկական Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցի, որը 2015 թվականին ոչնչացվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետևանքով:
Վերականգնումից հետո՝ մարտի 30-ին, եկեղեցին օծել էր Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը:
«Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք վերադառնալ և գալ այստեղ, պատերազմի պատճառով վաղուց է, ինչ չէինք գալիս: Մենք ևս զգացինք, որ հաղթել ենք, քանի որ եկեղեցին կրկին ժողովրդի հավաքի վայր է դարձել: Մեր բոլոր եղբայրները՝ ինժեներները, բժիշկները, աշխատավորները կարող են գալ այստեղ: Սա մեծ երջանկություն է»,- լրագրողներին ասել է Զվարթ Սարգիսը:
2015 թվականի ապրիլին Հալեպի պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող, 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքը ռմբակոծության հետևանքով մեծ վնասներ էին կրել: Եկեղեցին պայթեցվել էր ԻՊ կողմից՝ ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով:
Եկեղեցու վերականգնումն իրականացվել է Հալեպի հայ համայնքի նվիրատվություններով: Առնվազն 150 հազար մարդ իր ավանդն է բերել սրբավայրի վերականգնման գործին: