fbpx
Մշակույթ

Հարցազրույց անվտանգության նախկին աշխատակցի հետ – Սուրճի սեղան

Dark Suit Sitting In A Cafe

Սուրճի սեղան

Ցայտաղբյուրի մոտ զրույցը տեղափոխվեց մոտակա սրճարան՝ շարունակելու քննարկումը: Նա սկսեց բացատրել, թե ինչպես են Հայաստանում տարբեր բիզնեսներ աջակցում համակարգին՝ իրենց հաճախորդներից տեղեկատվություններ հավաքելով։

«Բազմաթիվ ձեռնարկությունների պարտադրում են հավաքել իրենց հաճախորդների և գործընկերների վերաբերյալ տվյալներ»,- ասաց նա: «Սա կարող է ներառել ամեն ինչ՝ սկսած նրանց անուններից, հասցեներից մինչև անձնական ու գործնական կապերը: Այդ տեղեկատվությունը այնուհետև փոխանցվում է անվտանգության ծառայությանը, որն օգտագործում է անհատների վրա պրոֆիլներ ստեղծելու և նրանց գործունեությունը վերահսկելու համար»:

Նա շարունակեց նկարագրել, թե ինչպես են որոշ բիզնեսներ մարդկանց ուղղորդում դեպի տարբեր ուղղություններ՝ ելնելով ազգային անվտանգությանը կամ համակարգին սպառնացող վտանգի մակարդակից: «Եթե ինչ-որ մեկին սպառնալիք համարեն, ըստ այդ տեղեկությունների, ապա նրան կարող են «կորցնել ճանապարհին» կամ տանել ինչ-որ վայր՝ հարցաքննության»,- ասաց նա։

Ինձ անընդհատ հետապնդում էր անհանգստության զգացումը: Գաղափարը, որ ձեռնարկությունները ակտիվորեն մասնակցում են իրենց հաճախորդների և գործընկերների հսկողությանը, անհանգստացնող էր, և ինձ ստիպեց մտածել, թե առօրյա կյանքի որ այլ ասպեկտներ են վերահսկվում, բայց միտքս եկավ այլ հարց։

«Կարո՞ղ եք ինձ օրինակ բերել բիզնեսի, որը մասնակցում է այս տեսակի հսկողությանը»,- հարցրեցի։

Նախկին աշխատակիցը գլխով արեց. «Իհարկե: Օրինակ հեռահաղորդակցական ընկերությունները: Նրանք օրենքով պարտավոր են հավաքել տվյալներ իրենց հաճախորդների մասին, ներառյալ հեռախոսահամարները, ձայնային և տեքստային հաղորդագրությունները: Այդ տեղեկատվությունը բաց է պահվում համակարգի աշխատակիցների համար, որն օգտագործում է վերահսկողթյան համար։ Սակայն կան այլ տեսակներ, որոնք օրենքով չեն կարգավորվում, բայց մեր պահանջներն են նրանցից, որպեսզի հանգիստ կարողանան իրականացնել իրենց գործունեությունը»:

Նա շարունակեց նկարագրել, թե ինչպես են հյուրանոցները, բանկերը և նույնիսկ ռեստորանները ներգրավված այս տեսակի հսկողության մեջ: «Դա համատարած պրակտիկա է, որը ընկղմվել է հայ հասարակության մեջ»,- ասաց նա։ «Եվ դա էական ազդեցություն ունի հանրության վրա, որը հաճախ տեղյակ չէ, որ իրենց յուրաքանչյուր քայլը վերահսկվում է»:

Երբ նա խոսում էր, ամեն բառից հետո բոլոր արարքներս՝ թույլատրելի ու ոչ թույլատրելի, գալիս էին աչքերիս առաջ և լարվածությունս էլ աննկատ չէր մնում նրա կողմից: Ասաց, -«Հանդարտվիր, որովհետև ես արդեն ամեն բան գիտեմ, բայց լարվածությունդ դանդաղեցնելու է շնչառությունդ, բարձրացնելու է ճնշումդ, ազդելու է ուղեղիդ աշխատանքի վրա և թույլ չի տալու լավ հարցեր տալ»։

Այունհետև սկսեց մի նոր պատմություն, որը ևս ակնհայտորեն էական ազդեցություն էր ունեցել իր վրա:

«Մի դեպք եղավ, երբ մեզ հանձնարարվեց վերահսկել մի երիտասարդի, ով կասկածվում էր ընդդիմադիր խմբերի հետ կապեր ունենալու մեջ, որը փորձում էին օգտագործել համակարգի դեմ»,- ասաց նա՝ ձայնը իջեցնելով: «Մենք սկսեցինք հետևել նրան և վերահսկել նրա հաղորդակցությունը»։

Նա շարունակեց բացատրել, թե ինչպես են նույնիսկ ատամնաբույժի դեր կատարել, որ երիտասարդի ատամի պլոմբի հետ գաղտնի սարք տեղադրեն՝ նրան դիտարկելու և լսելու համար։ «Դա չափազանց անթույլատրելի ներխուժում էր անձնական կյանք, կարելի է ասել՝ մարմնի մեջ ներխուժում էր, և ես սարսափելի էի զգում դրա համար», – շշնջաց նա:

Բայց պատմությունն այսքանով չավարտվեց. «Երիտասարդը, անտեղյակ լինելով, որ իրեն հսկում են, բայց ուներ կասկածներ, սկսել էր հոգեկան խանգարման նշաններ ցույց տալ։ Նրա մոտ նկատվում էր պարանոիկ դրսևորումներ, նրա վարքագիծը գնալով ավելի անկանոն էր դառնում: Հետո պարզվեց, որ նա սկսել էր թմրանյութեր օգտագործել որպես միջոց՝ հաղթահարելու սթրեսը, որին անընդհատ հետևում և լսում էին»,- ասեց նախկին աշխատակիցը։

«Դա կործանարար արդյունք էր», – նշեց ափսոսանքի ձայնով։ «Մենք ավերել էինք այս երիտասարդի կյանքը՝ հանուն համակարգի, դա ինձ համար սթափության ղողանջ էր, և դա էլ ավելացավ հեռանալու պատճառներին»:

Պատմությունը լսելու ընթացքում, ես ջղայնություն ու ցասում էի զգում, այլ ոչ թե խղճհարություն: Պարզ էր, որ համակարգը չափն անցել են՝ կործանելով մարդու կյանքն իրենց սխալ գործելակերպի պատճառով:

Հասկանալով զգացածս՝  շարունակեց, որ չկարողացավ պարզապես հետևել, թե ինչպես է երիտասարդը տառապում։ Նա պատմեց, որ սկսել է կանոնավոր կերպով այցելել տղային՝ ներկայանալով որպես գործընկեր, այնուհետև մտահոգ ընկեր, ով նկատել էր նրա անհանգստացնող պահվածքը:

«Ես սկսեցի շահել նրա վստահությունը»,- բացատրեց նախկին աշխատակիցը։ «Ես լսում էի նրան, զրուցում նրա հետ, և նա սկսեց բացվել իմ առաջ դանդաղ ու հաստատուն»։

Ժամանակի ընթացքում կարողացել էր համոզել երիտասարդին դիմել մասնագետի օգնությանը: Օգնել էր գտնել հեղինակավոր բժշկի, ով մասնագիտացած էր թմրանյութերի և հոգեբանական խնդրիրներով մարդկանց բուժման մեջ:

«Դա հեշտ չէր», – խոստովանեց զրուցակիցս: «Նա այնքան խորն էր իր պարանոյայի մեջ, որ համոզված էր, որ բոլորը ցանկանում էին իրեն վնասել: Բայց ես շարունակեցի, և նա, ի վերջո, սկսեց տեսնել, որ կան մարդիկ, ովքեր անկեղծորեն հոգ են տանում իր մասին»:

Բժշկի և ընկերոջ աջակցությամբ երիտասարդը կարողացել էր հաղթահարել կախվածությունը և պարանոյան։ Նա սկսել իր ապագան տեսնել և սկսել էր աշխատել ավելի լավ կյանք կառուցելու ուղղությամբ:

«Արժեր,- ասաց զրուցակիցս: Նրան երջանիկ և առողջ տեսնելը լավագույն սփոփանքն էր ինձ համար»:

Այս մասը ներսիս ատելությունը վերափոխեց հարգանքի զգացման նրա նկատմամբ: Նա սխալվել էր, բայց պատասխանատվություն էր կրել իր արարքի համար և արել էր ամեն ինչ, որպեսզի այն շտկի։ Դա կարեկցանքի կարևորության մասին էր, նույնիսկ ամենադժվար հանգամանքներում: Հասել էր նրան, որ երիտասարդը այլևս չէր հետապնդվում համակարգի կողմից։

Հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ՝ Ցայտաղբյուր։

Հարցազրույցի երրորդ մասը կարող եք կարդալ այստեղ՝ Ինչպես ազդել մարդկանց վրա

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ