«Քաղաքացու որոշում» կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Այս ընտրական գործընթացում հանրային համերաշխության մակարդակը ձգտում է զրոյի,
հայհոյանքն ու ատելությունը դարձել են քարոզարշավն ուղեկցող սովորական դրսևորումներ։ Այս
ընտրարշավում մենք մեր առաջ խնդիր էինք դրել զսպելու ատելության և թշնամանքի
մթնոլորտը, հասցնելու համերաշխության օրակարգը քաղաքացուն և քաղաքական ուժերին։
Այսօր արդեն մեզ հանդիպող բոլոր քաղաքացիները կարևորում են ներքին ատելության
մթնոլորտի վերացումը, իսկ քաղաքական դաշտում ավելի ու ավելի շատ դերակատարներ են
որդեգրում այդ ուղերձը։
Հաշվի առնելով, որ խոսքի մակարդակում մենք ունենք լայն կոնսենսուս, ժամանակն է այն
դրսևորել գործնականում։
Բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ են թշնամության այս մթնոլորտին, բոլոր նրանց, ովքեր
պատրաստվում են կողք-կողքի ապրել ընտրություններից հետո, բոլոր նրանց, ովքեր չեն գնալու և
ժողովրդին չեն տանելու եղբայրասպանության, կոչ ենք անում լռության օրը անցկացնել միասին,
քայլել երթով բոլոր այն տեղերով, որոնք խորհրդանշում են մեր անխոհեմության պատճառով
նահատակված մեր եղբայրների հիշատակը, և տալ միասնական ուղերձ, որ մենք չենք անի ոչինչ,
որը դիմացինին կդրդի գնալ անդառնալի ճանապարհով, գնալ դեպի նոր աղետներ։
Այդ օրը մեզնից ոչ մեկը չի կիրառի կուսակցական որևէ սիմվոլ, որևէ կարգախոս կամ ընտրելու
կոչ, որը կարող է ընկալվել նախընտրական քարոզչություն։
Երթը կմեկնարկի հունիսի 19-ին, ժամը 18։00-ին Ազատության հրապարակից»։