Բոլորեց հայ հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ Վաղարշակի Ազարյանի ծննդյան 91 –ամյակը: Ծնվել է 1929 թ. փետրվարի 11 –ին: 1949 թ. նրա ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է Երևան:
Ալբերտ Ազարյանը բնածին օժտվածությամբ մարզիկ էր։ Թեև բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ , բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ – ում և աշխարհում:
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ Ալբերտ Ազարյանը ավելի քան 15 տարի մնաց անպարտելի: Նա հայաստանցի միակ մարդն է, ով 11 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն / օղակներ, զուգափայտ , պտտաձող մրցաձևերում: Եվրոպայի կրկնակի և աշխարհի քառակի ոսկե դափնեկիր է, և աշխարհի միակ հայ մարզիկն է, ով կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը :
Ազարյանական լեգենդը ճյուղավորվել, տարածվել է աշխարհով մեկ: Քրիստոնյա հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է կատարել ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ ԽԱՉԸ և այն գրանցել մարմնամարզության միջազգային անվանակոչության տարեգրության չեմպիոնական պատմագրքում:
Նրա ստեղծած ընտանիքը երևի թե աշխարհում միակն է , որն ունի միևնույն ` սպորտային մարմնամարզություն մարզաձևում օլիմպիական խաղերի երկու չեմպիոն` գումարած նաև չեմպիոնական ընտանիքի մայրը: Նկատի ունենք մոսկովյան օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր որդուն ` Էդվարդ Ազարյանին և տիկնոջը` Ելիզավետա Ազարյանին, ով նույնպես սպորտային մարմնամարզությունից ԽՍՀՄ սպորտի վարպետ է և Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ :
Ալբերտ Ազարյանն արժանացել է ԽՍՀՄ , ՀԽՍՀ և անկախ Հայաստանի բարձրագույն պարգևներին և կոչումներին : Այդ ամենով հանդերձ, նա երբևիցե չի տառապել աստղային հիվանդությամբ ու մնացել է նույն համեստ , հասարակ հայ մարդը:
Հենց այս հատկանիշներով է մշտապես վեր բարձրացել նա , որի համար կարևորը իր հիմնադրած մարզադպրոցում օրնիբուն լինելն է , փոքրիկներին մարմնակրթության դասեր տալը , առնական տղամարդ ու հայ քաջարի զինվոր դարձնելը:
Ծնունդդ շնորհավոր , Հայաստանի 20 –րդ դարի լավագույն մարզիկ: Մաղթում ենք քաջառողջություն , երկարակեցություն, երջանկություն:
Դարով մեծանաք, հանճարեղ լեգենդ:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։