Պաշտոնական Վաշինգտոնը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տեղ գտած միջադեպի և զոհերի առնչությամբ՝ ցավակցություն հայտնելով բոլոր զոհվածների ընտանիքներին։ Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ ճեպազրույցին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ:
Ի պատասխան հարցի՝ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը ասել է.
«Խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում [տեղ գտած միջադեպի հետևանքով] զոհվածների առնչությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին՝ հասնելու այս նպատակին, և պետքարտուղար Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար»:
Ըստ փոխխոսնակի` արտգործնախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին․
«Շարունակում ենք հիմնվել այդ քննարկումների վրա՝ խաղաղ բանակցությունների շարունակականությունն ապահովելու համար: Այսպիսով, ժամանակացույցում որևէ փոփոխություն չկա… ։ Շարունակելու ենք աշխատանքներն այս ուղղությամբ»:
Արձագանքելով լրագրողների հարցերին՝ բանակցային գործընթացի հնարավոր սառեցման կամ ակտիվության նվազեցման, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի ներգրավվածության վերաբերյալ՝ Փաթելն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ու Լուիս Բոնոն շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել գործընթացում:
«Սա մի գործընթաց է, ուր կշարունակենք անմիջականորեն ներգրավված մնալ կողմերի արտգործնախարարների հետ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը երեկ հնարավորություն է ունեցել հանդիպել նրանց հետ՝ երկկողմ և եռակողմ [ձևաչափերով]։ Ակնկալում ենք, որ այս խաղաղ բանակցությունները կշարունակվեն»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
Հրաժարվելով մանրամասներ հայտնել բանակցային գործընթացից՝ Վեդանթ Փաթելը կարևորել է Միացյալ Նահանգների դերը գործընթացում․
«… Շատ ուրախ ենք կողմերին հրավիրելու և հյուրընկալելու համար: Սա այն գործառույթն է, որ իրականացրել ենք նախորդ անգամ, երբ հյուրընկալեցինք նույն այս բանակցություններն այս տարվա սկզբին»:
Նա նաև հայտնել է, որ բանակցություններն ընթանում են ըստ նախատեսվածի՝ ժամանակցույցում առանց որևէ փոփոխության:
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը թվիթերյան գրառմամբ ևս անդրադարձել է այսօրվա միջադեպին՝ շեշտելով.
«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստներով: Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին այս նպատակին հասնելու հարցում»,- նշել է Միլլերը: