Մի խումբ հանրապետական սենատորներ և Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներ նոյեմբերի 21-ին հանդիպել են, որ քննարկեն նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացի հնարավոր սահմանափակումը մինչև երկու շաբաթ: Այս մասին գրում է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրների:
Թերթի տվյալներով՝ հանրապետականները կարծում են, որ երկու շաբաթը միանգամայն բավական է, որ գործընթացը բավարար օրինականություն ստանա, բայց էական վնաս չպատճառի իրենց ու իրենց կուսակից նախագահին:
Հանրապետականները Սենատում վերահսկում են մեծամասնությունը, և նրանցից ոչ մեկն առայժմ չի արտահայտվել պաշտոնազրկման օգտին:
Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ Թրամփը ողջունում է Սենատում պաշտոնազրկման հնարավոր քննարկումը և ակնկալում է, որ իբրև վկաներ հանդես կգան Բայդեններն ու գանգատի անանուն հեղինակը, որն սկիզբ դրեց պաշտոնազրկման հետաքննությանը։