ՀԱՊԿ կանոնադրությունը պետական ոչ մի կայքում գոյություն չունի։ Այսինքն՝ պետությունն այնքան անկարևոր է համարում այդ կազմակերպությունը, որ ոչ մի տեղ չի հրապարակել այն։ Այն գոյություն ունի տվյալ կազմակերպության կայքում՝ ռուսերեն լեզվով։ Արլիսում կհանդիպեք միայն փոփոխությունները։
Հիմա կարևորի մասին։ Այն, որ մենք իրավական տեսանկյունից՝ դե յուրե, գտնվում ենք այդ կազմակերպության մեջ, դա փաստ է։ Ու քանի դեռ դե յուրե դուրս չենք եկել, և այստեղ են գալիս կազմակերպության ներկայացուցիչները, գործում է դրա կառուցակարգերը, հետևաբար նաև փաստացի ենք այդ կառույցի անդամ՝ դե ֆակտո։ Եվ խնդրում եմ, որ ոչ ոք չհերքի ու չփորձի հիմնավորել անհեթեթություններով՝ ստեղծելով կամ ստեղծելու տպավորություն, թե մենք ՀԱՊԿ-ում չենք, քանի որ անդամ երկրները խախտել են ու չեն իրականացրել իրենց պարտավարությունները։
Հայաստանը՝ ի պատասխան ՀԱՊԿ-ի անգործության և վնասակարության, պետք է իրականացնի դուրս գալու գործընթացը, որն ունի հետևյալ կարգը.
«ՀԱՊԿ կանոնադրություն (հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում)
Հոդված 19.
Կազմակերպության անդամ կարող է դառնալ ցանկացած պետություն, որը կիսում է իր նպատակներն ու սկզբունքները և պատրաստ է ստանձնել սույն կանոնադրությամբ և Կազմակերպության շրջանակներում գործող այլ միջազգային պայմանագրերով ու որոշումներով նախատեսված պարտավորությունները:
Կազմակերպություն ընդունվելու մասին որոշումն ընդունում է Խորհուրդը:
Ցանկացած անդամ պետություն իրավունք ունի դուրս գալ Կազմակերպությունից: Կազմակերպության շրջանակներում իր պարտավորությունների կարգավորումից հետո այդ պետությունը դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկում Կանոնադրական դեպոզիտարիային դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ:
Կազմակերպությունից ընդունվելու և դուրս գալու կարգը սահմանվում է Խորհրդի կողմից հաստատված համապատասխան կանոնակարգով»:- ասվում է ՀԱՊԿ կանոնադրության մեջ։
Հետևաբար, պահանջը պետք է լինի ՀՀ կառավարությունից։ Գործընթացը պետք է ապահովի ՀՀ ԱԳՆ-ն Կառավարության որոշումով։ Եթե կառավարություն մտածում է դրա մասին, դա չի նշանակում, որ դուրս է գալու։ Բազմաթիվ խոստումներ և բարձրացրած հարցեր ու օրակարգեր չեն իրականացրել, երբ հետևողական չի գտնվել քաղաքացիական հասարակությունը՝ պահանջելու իրականացնել ի շահ Հայաստանի։
Պահանջը նշանակում է աշխատանք։ Աշխատանքը իրականացնելու համար հնարավորինս պետք է ապահովել միասնականություն, որպեսզի կառավարությունը գնա այդ գործընթացին ընդառաջ։
Միասնական չեն կարողանում գործել որոշ խմբեր, ուժեր ու գործիչներ, թող չգործեն, բայց նաև իրար չհարվածեն, իրար անուն չդնեն։ Դա նպաստում է ռուսական կողմին, որոշակի նպաստում է նաև իշխանություններին, որը հնարավոր է դարձնում կառավարել պահանջ ներկայացնող խմբերին, ուժերին և գործիչներին, և անհրաժեշտության դեպքում դասական եղանակով փչացնել գործընթացները։
Մարդիկ ոչ ոքի ձեռքը կրակը չեն ընկել, որ որևէ մեկն որոշակի ակտիվ ալիքի վրա իրեն վերապահի ավելին, քան ինքը լիազորված է չուղղորդված քաղաքացիների կողմից իրականացնել։ Ցանկացած պահի այդ մարդկանց վարքի պատճառով քաղաքացիները կարող են երես թեքել, էլ չասեմ՝ ուղղորդվողների մասին, որոնց կարող են ուղղակի արգելափակել շարունակելու իրենց գործը։ Այսինքն՝ պետք է բոլորը միմյանց հանդեպ, քայլերում և խոսքում ցուցաբերեն նրբանկատություն։
Ուստի, այսքանը պետք է հասկանալ, ընդգծել և հնարավորինս համագործակցել սահմանված պահանջի շուրջ ու հասնել նպատակին։
Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

