Հարավային Կորեայի իշխանությունները որոշել են չեղարկել որոշ սահմանափակումներ, որոնք մտցվել էին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում։ Սակայն երկրի վարչապետ Չոն Սե Գյուն հայտարարել է, որ սոցիալական հեռավորության որոշ միջոցառումներ կարող են պահպանվել առնվազն մինչև մայիսի 5-ը։
«Ինչ վերաբերում է կարանտինին, այժմ ամենաանվտանգն ինտենսիվ սոցիալական հեռավորություն պահպանելն է, սակայն իրականում դա այնքան էլ հեշտ չէ։ Պետք է գտնել ոսկե միջինը»,-նշել է Չոն Սե Գյուն։
Վարչապետը ընդգծել է, որ Հարավային Կորեայի բնակիչները շարունակում են պահպանել հեռավորությունը և կրում են պաշտպանիչ դիմակներ հասարակական վայրերում։ Բացի այդ վարչապետը նշել է, որ կթույլատրվի աշխատել ակումբներին, մարզահամալիրներին և մի քանի այլ հաստատությունների։
Չոն Սե Գյուի խոսքով՝ մեղմվելու է նաև եկեղեցական ծառայությունների և բաց երկնքի տակ սպորտային միջոցառումների անցկացման արգելքը։ Բայց անպայման պետք է պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը և այցելուների միջև հեռավորության խիստ կանոնները։
Նշենք, որ մինչ օրս Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 661 դեպք, 234 պացիենտ մահացել է, առողջացել է 8 042 մարդ։ Կիրակի գրանցվել է վարակման ընդամենը ութ նոր դեպք։
Աղբյուրը՝ ՏԱՍՍ․