168.am-ը գրում է.
«Ե՛վ Փաշինյանի, և՛ Լուկաշենկոյի համար այս հարցը վերածվել է սկզբունքային հարցի: Երկու կողմն էլ մինչև վերջ պայքարելու են պաշտոնի համար, քանի որ հասել են այն փուլին, երբ հետընթացը լուրջ զիջում և թուլության նշան կդիտարկվի, որն անթույլատրելի է թե՛ Լուկաշենկոյի նման քաղաքական գործչի համար, թե՛ հեղափոխությամբ իշխանության եկած և այլ որակի արտաքին քաղաքականություն խոստացող Փաշինյանի համար: Բնական է, որ դեկտեմբերի 6-ին` սպասվող խորհրդարանական ընտրությունների շեմին, Փաշինյանը կցանկանար Սանկտ Պետերբուրգում հասնել գլխավոր քարտուղարի պաշտոնին, որը հավելյալ դիվիդենտներ կհաղորդեր իր քաղաքական թիմի վարկանիշին: Իսկ հակառակ զարգացումն այսքան վստահեցումներից հետո, թե այդ պաշտոնը պետք է ՀՀ-ինը լինի, լուրջ բացասական ուշադրության է արժանանալու Հայաստանում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Ռիժկովը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովին սպասվող քննարկումներին:
Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով ևս, ընտրությունների շեմին արտաքին քաղաքական նման մեծ հնչեղություն ձեռք բերած խնդրի շուրջ հայկական կողմի «պարտությունն» անցանկալի է ՀՀ իշխանությունների համար:
«Ես ակնկալում եմ դեկտեմբերի 6-ին կամ հարցի հետաձգում, կամ Վալերի Սեմերիկովի թեկնածության շուրջ կոնսենսուս, քանի որ հայկական կողմի պահանջի շուրջ կոնսենսուսի բացակայությունն այս փուլում խնդիր է դիտարկվելու Հայաստանի կողմից, և խնդիր է դառնալու ՀՀ իշխանությունների համար, որոնց հետ ՀԱՊԿ անդամ երկրները դեռ ամենայն հավանականությամբ պետք է աշխատեն, ուստի պետք է ձգտեն հարթել այն լարվածությունը, որն առաջացել է»,- ասել է նա: