ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության երկու աշխատակիցներ, Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարողների մոտ ակնհայտ ապօրինի գործողությունների՝ մասնավորապես տարբեր խախտումներ չարձանագրելու համար, յուրաքանչյուր ամիս, որպես կաշառք պահանջում և նրանցից ստանում են տարբեր չափերի գումարներ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 26-ին Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող սննդի կետում, ՀՀ ՊԵԿ տարածքային հարկային տեսուչ Ա. Պ.-ի կողմից, նույն սննդի կետի տնօրենից նախապես պահանջված, հերթական 40.000 ՀՀ դրամ գումարը ստանալուց անմիջապես հետո վերջինս և նույն բաժնի հարկային տեսուչ Վ. Ս.-ն բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանություն: Ա. Պ.-ի անձնական խուզարկությամբ, այլ գումարների հետ միասին հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող 40.000 ՀՀ դրամը։
Դեպքի առթիվ 2021թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, նույն օրը նշված տեսուչները ձերբակալվել են:
Բացի այդ, թվով մի քանի տնտեսվարողների ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունում հաղորդումներ են ներկայացրել առ այն, որ 2020-2021թթ. ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս, ՀՀ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսուչների կողմից խախտումները չարձանագրելու և իրենց չտուգանելու համար, նրանց պահանջով տվել են տարբեր չափերի կաշառքի գումարներ, որոնց ընդհանուր թիվը կազմել է շուրջ՝ 1.390.000 ՀՀ դրամ:
Հիշյալ փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել են 3 քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու համար քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն և միացվել են մեկ վարույթում:
ՀՀ ՀՔԾ-ում իրականացվող նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Ա. Պ.-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու համար առաջադրվել է մեղադրանք, այն բանի համար, որ նա ի պաշտոնե ունենալով հարկ վճարողների մոտ հարկային ստուգումներ և ուսումնասիրություններ կատարելու, իրավախախտումներ հայտնաբերելու և դրանք արձանագրելու, հարկ վճարողների հարկային պարտավորությունների՝ ողջ ծավալով և ժամանակին հայտարարագրումն ու կատարումը ապահովելու լիազորություններ, խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի անգործության համար մի շարք տնտեսավարողներից պարբերաբար որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում՝ խոշոր չափերի գումարներ։
Միաժամանակ, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Ա. Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է։
Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` ենթադրյալ այլ դեպքեր հայտնաբերելու, հանցավոր արարքները խմբի կազմում կատարված լինելու, տեսուչների արարքներին վերջնական իրավական գնահատական տալու նպատակով։