Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 1-ից Շիրակի մարզն անցնում է համընդհանուր ներառական կրթության համակարգի: Իսկ սա նշանակում է, որ դպրոցներում ստեղծվելու են այնպիսի պայմաններ ու միջավայր, որ, անկախ մտավոր ու ֆիզիկական հնարավորություններից, որևէ երեխա կրթությունից դուրս չմնա: Համընդհանուր ներառական կրթության ծրագրին անցումը ենթադրում է նաև մարզում գործող հատուկ դպրոցների վերակազմավորում աջակցության կենտրոնների:
Այսպիսի փոփոխություն է սպասվում նաև Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցում, որտեղ խնամվում են ոչ միայն Շիրակի մարզի տարածաշրջանի ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 47 երեխաներ:
Տիգրանի կողքին սովորում են նաև հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող ու Դաունի համախտանիշով երեխաներ: Նրանք 46 -ն են, նրանցից 21-ին ծնողներն ամեն օր տուն են տանում, մյուսները գիշերում են դպրոցում: Սոնան, Վոլոդյան ու Նարինեն նույն ընտանիքից են: Այստեղ են գիշերում, մայրն առողջական խնդիրներ ունի, երեխաների խնամքով հայրն է զբաղվում, երեխաներին տուն է տանում միայն հանգստյան օրերին:
Արթիկի հատուկ դպրոցը ֆիզիկական ու մտավոր խնդիրներով երեխաների համար ապահովված է գույքով ու դիտակտիկ պարագաներով, դժվարությամբ տեղաշարժվող աշակերտների համար ունի նաև հատուկ ներառական մարզասարքեր, որոնց օգնությամբ վերականգնում են հենաշարժողական ֆունկցիայի գործունեությունը: Կրթությունը կազմակերպվում է հատուկ մեթոդներով՝ ավազաթերապիայով, ֆիզիոթերապիայով: Միայն թե շենքն է հին, կառուցվել է 1961 թվականին ու երբևէ չի վերանորոգվել:
Մի քանի ամիս անց դպրոցը կվերակազմավորվի աջակցման կենտրոնի: Հատուկ խնամքի կարիք ունեցող այս երեխաներն իրենց կրթությունը կշարունակեն հանրակրթական դպրոցներում։ Մասնագետներն այս համընդհանուր ներառականության ծրագրի մոտեցումներն ընդունելի չեն համարում: Ըստ նրանց՝ հանրակրթական դպրոցներում այսպիսի երեխաների համար անհրաժեշտ պայմաններ չկան, և դա միայն կրթականին չի վերաբերում։
«Իրենք թույլ են իրենց ունակություններով այն երեխաներից, ովքեր սովորում են հանրակրթական դպրոցներում։ Իրենք չեն հասցնի մյուս երեխաների հետ թե՛ սովորել, թե՛ հարմարվել այդ միջավայրին ու պայմաններին, իսկ այստեղ կա առանձնահատուկ ուշադրություն, այնտեղ, կարծում եմ, խնդիրներ կլինեն»,- ասում է Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցի հոգեբան Անի Արղամալյանը։
Հանրակրթական դպրոցների մասնագետները դեռ պետք է վերապատրաստվեն, իսկ Արթիկի հատուկ դպրոցը վերակազմավորվելուց հետո այս փորձառու մասնագետների կարիքը չի ունենա, 52 աշխատողի կեսից ավելին կորցնելու է աշխատանքը:
Աղբյուրը՝ https://www.shantnews.am

