Արցախ

Ստեփանակերտում կրկին հավաք է անցկացվում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 15–ին, կրկին հավաք է անցկացվում։

«Երեկ Մայր Հայաստանում իրադարձություններ տեղի ունեցան, որից հետո խիստ անհրաժեշտություն առաջացավ, որ Արցախի ժողովուրդը հավաքվի։ Պահն օրհասական է, մենք պետք է մեր ձայնը հասանելի դարձնենք ամբողջ աշխարհի հանրությանը։ Արցախցին իր իրավունքների համար պայքարելու է, ժողովուրդը պայքարի է դուրս եկել»,– Վերածննդի հրապարակում քիչ առաջ հայտարարեց Տիգրան Պետրոսյանը՝ մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ԱԺ–ում արված հայտարարությունը՝ հանուն խաղաղության ծանր որոշումների գնալու մասին։

«Այդ ելույթը մեծ արձագանք ստացավ Հայաստանի ու Արցախի հանրության կողմից, Փաշինյանը երկու ժամ հետո հետ կանգնեց իր խոսքերից, իսկ իր թիմակիցներն էլ սկսեցին քլնգել պայքարի դուրս եկած մարդկանց, որ իբր դավադիր ուժեր են, ինչը ծիծաղելի է։ Կոչ եմ անում մեր իշխանություններին այդ խաղերին չտրվել, մենք դա չենք հանդուրժելու»,– հայտարարեց Տիգրան Պետրոսյանը։

Նախօրեին Հայաստանի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե փաստաթուղթ է ստորագրելու, որը կերաշխավորի խաղաղությունը, Ստեփանակերտում ինքնաբուխ հանրահավաք էր անցկացվել։

Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ Արցախը չի կարող եւ չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ