abc7.com-ը հայտնում է, որ Գլենդելում բնակվող հայ ընտանիքը հայտարարել է, որ իրենց համար նախատեսված սաղմը իմպլանտավորվել է այլ կնոջ արգանդում, ով հետագայում ծնունդ է տվել իրենց երեխային:
Դատական գործի մեջ նրանք նշել են, որ ամեն ինչ սկսվել է CHA պտղաբերության կենտրոնում: Նույն օրվա ընթացքում այնտեղ միանգամից երեք զույգեր են այցելել:
Կենտրոնում սաղմերը բեղմնավորվում են, սառեցվում և իմպլանտացվում, բայց այս դեպքում դրանք սխալմամբ իմպլանտավորվել են ուրիշ մոր արգանդում:
Անի և Աշոտ Մանուկյաններին այս լուրը հաղորդել է հիվանդանոցի տնօրենը: Նրանք շոկի մեջ են ընկել և հիասթափվել՝ տեղեկանալով, որ տղան, որին իրենք էին սպասում, ծնվել է ուրիշից: Պտղաբերության կենտրոնի հանդեպ հարուցվել է դատական գործ, ծնողները պահանջել են իրենց երեխային հանձնել իրենց:
Սխալը սկսվել է այն պահից, երբ արական սեռի բեղմնավորված սաղմերից մեկը, որը Մանուկյաններինն է եղել, իմպլանտավորվել է Նյու Յորքում բնակվող կորեական ծագմամաբ ամերիկացի կնոջ արգանդում: Կինը ծննդաբերել է երկու տղայի, որոնցից մեկը, հետագայում պարզվել է, որ Մանուկյան ընտանիքի երեխան է:
Ծննդաբերությունից հետո կորեուհին զգացել է, որ երեխաները կենսաբանորեն նման չեն եղել միմյանց:
Աշոտ Մանուկյանը նշում է. «CHA-ն իմ ընտանիքի կյանքը դժոխքի վերածեց: Մենք ամբողջովին զոմբիացել էինք՝ տեղեկանալով այդ մասին»:
Անի Մանուկյանը զայրացել է, ոչ միայն նրա համար, որ սխալը իրեն է վնասել, այլ որ կորեուհին ստիպված է եղել կրել ուրիշի երեխային և կապվել է նրա հետ:
Այս թեմային անդրադարձ է կատարել նաև ամերիկյան հայտնի հեռուստաընկերություններից CBS-ը իր երեկոյան ծրագրերից մեկում։