Հայ խորհրդարանականները մի շարք հանդիպումներ են ունեցել Եվրախորհրդարանի գործընկերների հետ

Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով դեկտեմբերի 2-5-ը Բրյուսելում էր գտնվում ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:

Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող, Ռումինիայի նախկին նախագահ, ԵԺԿ խմբակցության անդամ Տրայան Բասեսկուի, Եվրոպական խորհրդարանում «Սոցիալիստների և դեմոկրատների» խմբակցության արտաքին հարցերով համակարգող Տոնինո Պիցուլայի, Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության փոխնախագահ Անդրեյ Կովաչևի, խմբակցության արտաքին հարցերով համակարգող Մայքլ Գահլերի, Եվրանեսթ-ում ԵԽ պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի, ՀՀ-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեում ԵԽ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք խմբակցության անդամ Հաիդի Հաուտալայի, Եվրոպական խորհրդարանում «Renew Europe» խմբակցության փոխնախագահ Իսկրա Միհայլովայի և ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում ԵԽ պատվիրակության ղեկավարի տեղակալ Ռասա Յուկնյավիչիենեի հետ:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել թավշյա հեղափոխությունից և 2018թ. դեկտեմբերին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտություններից հետո տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցերին:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը ներկայացրել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքը, այդ թվում՝ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում օրենսդրական բարեփոխումների և համապատասխան կառուցակարգերի ներդրմանն ուղղված քայլերը: Բոլոր հանդիպումների ընթացքում հայկական կողմը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին:

Հանգամանալի անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդմանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանն առնչվող հարցերի:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները բարձր են գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն են հայտնել նպաստել Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ներառյալ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի և ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի շրջանակներում:

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է նաև Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հոֆի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ, փոխադարձ շեշտվել է միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը: Հայկական կողմը մեծապես կարևորել է Բելգիայի օրենսդիր և գործադիր մարմինների սկզբունքային դիրքորոշումը ցեղասպանությունների և մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ