Հայաստանը 15 տարի խաղաղապահություն է իրականացնում աշխարհում․ Տոնոյան

Արդեն երկու տասնամյակ, լինելով անվտանգության առումով անկանխատեսելի ու անկայուն միջավայրում, որտեղ պատերազմ և խաղաղություն հասկացությունները խիստ երերուն են, Հայաստանն իր պաշտպանական ներուժի մեծացմանը զուգահեռ զարգացնում է միջազգային անվտանգությանն աջակցելու հնարավորությունները։ Մոսկվայի միջազգային անվտանգության կոնֆերանսի ընթացքում իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Լինելով մի պետություն, որը գործնականում է հասկացել միջազգային անվտանգության և կայունության գինը, Հայաստանը վերջին 15 տարիներին լուրջ փորձ է կուտակել խաղաղարարության ոլորտում։ Ներկա պահին հայաստանյան խաղաղապահ ուժերը ներկայացված են միջազգային խաղաղապահ 4 առաքելություններում։ Մենք ցուցադրել ենք նաև դրական փոփոխություններ ապահովելու գործին աջակցելու հետևողական հանձնառությունն այն տարածաշրջաններում, որոնք կրել են լայնամասշտաբ ճգնաժամերի հետևանքները։ Դա արձանագրվել է մեր կողմից Սիրիայում սկսված հումանիտար առաքելությամբ, որի անցկացման որոշումը կայացվել է ընդունող երկրի՝ Սիրիայի կառավարության պաշտոնական դիմումի, ինչպես նաև Հալեպի հայկական համայնքի և նրա հոգևոր առաջնորդների խնդրանքի հիման վրա։ Դա արվել է Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ, ինչի համար մենք շնորհակալ ենք Ռուսաստանի կառավարությանը», – ասել է Տոնոյանը։

Նա շարունակել է, որ այս առաքելության նախադրյալներից մեկն էլ անհիշելի ժամանակներից հայկական ներկայությունն է այդ տարածքում և նպատակը՝ պահպանելու հայկական արմատներն այդտեղ, ինչպես նաև այն դառը փորձը, որ անկայունության 10 տարիների ընթացքում բերեց Իրաքից հայերի հեռանալուն։

«Հումանիտար առաքելության կազմի մեջ մտնում են բժշկական անձնակազմն ու ականազերծող մասնագետները, ովքեր ռուսաստանցի գործընկերների հետ համագործակցությամբ օգնություն են ցույց տալիս Սիրիայի Արաբական Հանրապետության՝ բազմամյա պատերազմից տուժած բնակչությանը», – ասաց Տոնոյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարը նաև շեշտեց, որ հայկական կողմը պատրաստ է մասնակցել նաև այլ խաղաղարար-խաղաղապահ գործողությունների՝ շարունակելով կատարել իր հանձնառությունը։

Ամենաթարմ