ՀՀ արդարադատության նախարությունը հայտնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար ԱՄՆ կառավարությունը Հայաստանին 9․5 մլն դոլար կհատկացնի: Այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարվել է «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի մեկնարկը ազդարարող «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթություններ» համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
«Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել կոռուպցիոն հնարավորությունները և Հայաստանում ամրապնդել կառավարման և հաշվետվողականության բարելավման հասարակական պահանջը: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, պատգամավորներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, այլք:
Փոխնախարար Գրիգորյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել հրավերի համար և Արդարադատության նախարարության անունից ողջունել է ծրագրի մեկնարկի կապակցությամբ: Հակակոռուպցիոն քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի զարգացման համատեքստում փոխնախարարը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացակարգը, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության կանոնակարգումը, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանի կազմավորման գործընթացը:
- Նախարար Բադասյանը մասնակցել է «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովին
- Արթիկ ՔԿՀ-ի արգելապատնեշի մոտ կանխվել է արգելված իրերի փոխանցումը
Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ վերջին ժամանակահատվածում իրականացված աշխատանքներին՝ նշելով, որ հայտարարագրման համակարգի բերելավման արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը, ներդրվել է կատարված ծախսերի և փաստացի տիրապետվող գույքի հայտարարագրման պահանջ, նվազեցվել է թանկարժեք գույքի հայտարարագրման դրամական շեմը՝ 8 մլն-ի փոխարեն սահմանվելով 4 մլն դրամ:
Ընդգծվել է նաև իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման նպատակով ընդունված օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ փուլ առ փուլ ներդրվելու է իրական շահառուների բացահայտման պահանջ:
Ամփոփելով խոսքը` Սուրեն Գրիգորյանը հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում հավելել է նաև կրթությունը, հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը և կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմերի ներդրումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: