Հայաստանը վերածվում է աշխարհաքաղաքական բախման մի նոր օջախի

Հրապարակող՝

,

em-rus

Ամենադիտվածներ

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եւրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը նշել էր․

«Ռուսաստանն ու իր արբանյակներն ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, այսինքն՝ սցենարը նույնն է: Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել և արձագանքել նման ազդեցություններին»։

Այդ նպատակով նույն օրը հայտարարվեց, որ Եվրոպական միությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին, որը կուղղվի խաղաղության և դիմակայունության ամրապնդմանը:

Հայաստանի նախընտրական գործընթացին ԵՄ ներգրավման մասին Կայա Կալասը խոսեց նաև դեկտեմբերի 9-ին։ Եւրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում: Իր ելույթի ժամանակ նա, մասնավորապես, նշեց․

«Ռուսաստանը և նրա վստահված անձինք ուժեղացնում են ապատեղեկատվական արշավները, այդ թվում՝ Հայաստանում, հաջորդ տարվա ընտրությունների նախօրեին։ Այս տարի գլխավոր թիրախը Մոլդովան էր, բայց այն նաև դարձավ լավագույն ապացույցը, որ այդ սպառնալիքը կարելի է հաղթահարել»։

Իսկ ԵՄ արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 15-ին կայացած հանդիպման ժամանակ նույն այս պաշտոնյան հարկ համարեց ասել․

«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային»։

Այս տվյալները խոսում են այն մասին, որ 2026 թ․ ընտրական գործընթացները, որոնք կանխորոշելու են Հայաստանի ապագան, մեր երկիրը վերածելու են արտաքին ուժերի կոշտ մրցակցության ասպարեզի։ Այսօր արդեն ընդդիմադիր ուժերի շատ ներկայացուցիչներ սկսել են խոսել ԵՄ կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու մասին։ Գործող իշխանության ներկայացուցիչները հակադարձում են, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ վարում է հիբրիդային պատերազմ եւ նրա տեղեկատվական հարձակումների դեմ պայքարում իշխող վարչախումբը իրավունք ունի ակնկալել Եւրոպայի ժողովրդավարական վարչակազմերի աջակցությունը։

Բնականաբար, արտաքին ու ներքին քաղաքական յուրաքանչյուր կողմ ունի իր շահն ու դրանով պայմանավորված ճշմարտությունը։ Այն, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ Հայաստանը պահել է աքցանի մեջ եւ վերահսկել նաև տեղեկատվական դաշտը, նորություն չէ։ Միաժամանակ, ճշմարտություն է նաև, որ դիմակայունության ամրապնդման նպատակով 15 մլն եվրո հատկացնելով Հայաստանում գտնվող իր շահառուներին՝ ԵՄ-ն ոչ թե Հայաստանն է ամրացնում, այլ իր նոր ձևավորված ազդեցության գործակալներին։ Ընդ որում, ԵՄ-ն չի սեթևեթում և շատ ուղիղ է նշում, որ գումարը պետք է օգտագործվի Ռուսաստանի դեմ տեղեկատվական պայքարում։

Արտաքին սուբյեկտների կողմից փափուկ ուժի կիրառությունը հենց այս կերպ է լինում։ Որքան էլ վարչախումբը փորձի թաքնվել «ժողովրդավարության» դիմակի տակ, միևնույնն է, փաստն այն է, որ նրա խնդրանքով եւրոպական պետությունները ներգրավվելով տեղեկատվական պատերազմների մեջ՝ Հայաստանը վերածում են աշխարհաքաղաքական պայքարի մի նոր օջախի։

Հայ հանրությունն այս իրավիճակում մի խնդիր կարող է լուծել՝ չտրվել այն երկընտրանքին, որը եթե մինչ օրս հանդես էր գալիս «նախկիններ» և «ներկաներ» հարաբերակցությամբ, ապա այսուհետ սահուն կերպով վերափոխվում է «կա՛մ Ռուսաստան», «կա՛մ Եւրոպա» ավերիչ հակադրության։

Հայաստանի անցնցում ընտրությունը կարող է լինել հակամարտող այս երկու բեւեռներից դուրս՝ իրական այլընտրանքի դեպքում։ Ուստի, առաջիկա ամիսներին հարկ կլինի ուշադրություն դարձնել, թե որ քաղաքական միավորներն ունեն ներուժ՝ հանրությանը համախմբելու այնպիսի ծրագրերի շուրջ, որոնք չեն սպասարկում օտար օրակարգերը և միտված են կառուցելու իրական ազգային պետություն։

Ամենաթարմ