Հայաստանի հանրային-պետական համակարգում վաղուց արդեն նկատվող նեոբոլշեւիզմն այսօր դրսեւորվում է որպես քաղաքական կառավարման յուրօրինակ մոդել, որտեղ իշխանությունն իր լեգիտիմությունը փորձում է ստանալ՝ «սեւերի» ու «սպիտակների» միջեւ պարբերաբար ինչ-որ հակադրություն ստեղծելով։ Այս երեւույթի կենսունակությունն ապահովվում է՝ հանրության ստորին ու խոցելի շերտերի հույզերը թիրախավորելով եւ մարդկանց համակրանքը շահելու համար դեմագոգիա բանեցնելով։ Հենց այդ նպատակին է ծառայեցվում իրավապահ մարմինների աշխատանքը, որը ներկայացվում է իբրեւ թե արդարությունը վերականգնելու համար ծավալված գործունեություն։ Սա 1920-ական թվականների բոլշեւիկյան մեթոդաբանության վերակենդանացումն է, որտեղ վերնախավը ստանձնում է զանգվածների պաշտպանի դերը՝ ընդդեմ ենթադրյալ «կոռուպցիոն բուրժուազիայի»։
Նեոբոլշեւիզմի գործնական արտահայտությունն այսօր գույքի եւ ազդեցության վերաբաշխման մեջ է։ Դատախազության կողմից մատուցվող գույքի վերադարձի կամ պետականացման գործընթացները, որոնք պարբերաբար ներկայացվում են հանրությանը, խնդիր ունեն նրա ընկալման մեջ արմատավորել դասակարգային վրեժխնդրության պատրանք: Այդ կերպ, պետությունը վերածվում է մի հարթակի, որտեղ իրականացվում է ժամանակակից կուլակաթափությունը։ Սա թույլ է տալիս գործող վարչախմբին մշտական լարվածության մեջ պահել նախկին տնտեսական (քրեաօլիգարխիկ) վերնախավին՝ միաժամանակ ստանալով հանրության լայն զանգվածների անվերապահ աջակցությունը, որոնք այդ գործընթացի մեջ տեսնում են սեփական սոցիալական ռեւանշի հնարավորությունը։
Այս համակարգի առանձնահատկությունը նոր նոմենկլատուրայի ձեւավորումն է։ Մինչ հին հանցավոր համակարգի ներկայացուցիչները ենթարկվում են պարսավանքի ու սեփականազրկման, իշխանության ներսում արագորեն բյուրեղանում է մի նոր արտոնյալ խավ։ Այս նոր նոմենկլատուրան, որը ծնունդ է առել հեղափոխական հռետորաբանությունից, սկսում է տիրապետել պետական ռեսուրսներին ու տնտեսական լծակներին։ Այսպիսով, տեղի է ունենում ոչ թե համակարգային փոփոխություն, այլ դերակատարների տեղափոխություն, որտեղ նոր վերնախավը յուրացնում է նույն այն արտոնությունները, որոնց դեմ պայքարելով եկել էր իշխանության։
Պետական կառավարման այս մոդելը հիմնված է անդադար թշնամի փնտրելու տրամաբանության վրա։ Եթե բոլշեւիկների համար դրանք ներքին ու արտաքին հակահեղափոխականներն էին, ապա նեոբոլշեւիկյան համատեքստում թիրախը բոլոր նրանք են, ովքեր չեն տեղավորվում իշխանական ուղղահայացի մեջ։ Հանրությանը մշտապես մատուցվում են նոր «թշնամիներ», որոնց վրա բարդվում է պետական ձախողումների պատասխանատվությունը։ Սա թույլ է տալիս դեմագոգիկ հնարքներով շեղել ուշադրությունը իրական ազգային-պետական խնդիրներից՝ փոխարենը առաջարկելով քաղաքական տեսարաններ կամ կադրային զտումներ։
Նեոբոլշեւիզմը Հայաստանում ստեղծում է մի իրավիճակ, որտեղ պետական ինստիտուտները դառնում են Նիկոլ Փաշինյանի կամ նրա կուսակցության կամքի կատարողները։ Երբ քաղաքական նպատակահարմարությունը դառնում է պետական կյանքի գերակա սկզբունք, մասնագիտական կարողություններն իրենց տեղը զիջում են քաղաքական հավատարմությանը։ Սա բերում է պետական ապարատի որակական անկման, սակայն իշխանության տեսանկյունից ապահովում է անվերապահ վերահսկողություն բոլոր ոլորտների նկատմամբ։ Պետությունը դադարում է լինել չեզոք արբիտր եւ դառնում է կոնկրետ խմբային շահի սպասարկող։
Վերջնարդյունքում, նեոբոլշեւիկյան այս ընթացքը հանգեցնում է հանրային կյանքի լիակատար պարզունակացման։ Բարդ խնդիրներին տրվում են մակերեսային ու պոպուլիստական լուծումներ, իսկ պետականաշինությունը փոխարինվում է խաղաղ ներկայի ու ապագայի քարոզչությամբ։ Այդպես սպառվում են պետության զարգացման ներքին պաշարները՝ հանրությանը պահելով անցյալի ու ներկայի, սեւի ու սպիտակի միջեւ մղվող անվերջ պայքարի մեջ, որտեղ իրական հաղթողը միայն ձեւավորվող նոր նոմենկլատուրան է։

