Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ կառավարության կողմից Լիբանանի կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
«Հավաքվել ենք քննարկելու Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո և մասնավորապես հայ համայնքում ստեղծված իրավիճակի առնչությամբ մեր հետագա անելիքները և հստակեցնել, թե կառավարության ու ընդհանրապես հայաստանյան տարբեր կազմակերպությունների գործողություններն ինչպե՞ս ենք համակարգելու, ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ խնդիրներ ենք ձևակերպելու այս փուլում: Այս պահին պլանավորված է երեք ինքնաթիռի թռիչք: Երեքն էլ հումանիտար աջակցություն է լինելու՝ դեղորայք, սնունդ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զեկուցել է, որ առաջին թռիչքը պլանավորված է շաբաթ օրը երեկոյան՝ ժամը 21:00-ին, որի հիմնական նպատակն է լինելու առաջին հերթին դեղորայքային աջակցություն ցուցաբերելը: «Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, ևս մեկ թռիչք կիրականացվի կրկին հաջորդ շաբաթվա ընթացքում: Ներկայումս ընթանում է ապրանքների հավաքագրման գործընթացը: Կարծում ենք՝ առաջին թռիչքով ունենալու ենք մինչև 12 տոննա բեռ, որը պետք է տեղափոխվի Լիբանան»,- նշել է Տիգրան Ավինյանը:
Լիբանան են այցելելու Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, ինչպես նաև Լիբանանի կառավարության և տեղի հայ համայնքի հետ հանդիպումների արդյունքում հստակեցնեն, թե այլ ինչ միջոցների կարիք կա ինչպես Լիբանանի կառավարությանը, այնպես էլ տեղի հայ համայնքին աջակցելու համար:
Այնուհետև քննարկվել են աշխատանքների կազմակերպմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր: