Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե որոնք են մեր գործողությունները՝ ի պատասխան տարածաշրջանային իրադարձություններին, մասնավորապես Թուրքիայի ագրեսիային, որ տեղի է ունենում Սիրիայում։
«Վստահ ենք, որ Սիրիայի ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով Սիրիայում ապրող բոլոր խմբերի՝ այդ թվում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շահերը»,-հավելեց նախարարը։
Նա ասաց, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների սրությունը շատ ակնհայտ է, բայց այս զարգացումները արդեն տևական ժամանակ է՝ տեղի են ունենում մեր հարևան տարածաշրջանում։
«Մի տարածաշրջան, որտեղ մենք ունենք և՛ ուղղակի, և՛ անուղղակի հետաքրքրություններ, բնականաբար սա մեր մշտադիտարկման առարկան է։
Սրանից առաջ կար տարվա սկիզբը, կար հոկտեմբեր ամիսը անցյալ տարվա, և սրանք ներգրավում են տարբեր դերակատարներ, որոնք առնչություն ունեն մեզ և մեր տարածաշրջանին, մենք շատ զգայուն ենք այս հարցի նկատման»,-ասաց նա։
Մնացականյանը նշեց, որ մշտական կապի մեջ են տարբեր գործընկերների հետ՝ համալրելու տեղեկությունները և գնահատականը։