fbpx
Զինված Ուժեր

Անմահացավ Սպարտակ Ասատրյանը՝ գյուղի, ընտանիքի և հայրենիքի նվիրյալը

Մարդկային ճակատագիրը գրում ենք մե՞նք, թե՞ ի վերուստ է գրվում: Մեր քայլերն ու մեր տեսակն արդյո՞ք հենց այդ ճակատագիր ասվածն է։ Սպարտակին բոլորը հիշում են որպես հարեհաս, ուշադիր, խնդիրներն իր վրա վերցնող և լուծումներն ինքնուրույն գտնող կայացած տեսակ: Արդյո՞ք պատերազմի ժամանակ նույն վարքով չէր դրսևորվի Սպարտակը, արդյո՞ք կարող էր խնայել իր կյանքը․․․ Ո´չ, որովհետև հայրենիքը սկսվում է ընտանիքից, իսկ ընտանիքի գինը Սպարտակը շատ լավ գիտեր։ Գիտեր նաև սիրո ու ինքնայրումով ապրելու գինը: Այսպես էլ անմահացավ զինվորը։

Սպարտակ Ասատրյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 31-ին, Արագածոտնի մարզի Ղազարավան (Նազրվան) համայնքում։ Հայրը՝ Հայկ Ասատրյանը, համայնքի գյուղապետն է, իսկ մայրը՝ Թամարա Սարգսյանը, տեղի միջնակարգ դպրոցի տնօրենը։ Սակայն այս հանգամանքներից Սպարտակը երբեք չի օգտվել։ Համագյուղացիների խոսքով մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Մահվան մասին լուրն իմացել են հունվարի 29-ին, երբ ԴՆԹ-ի պատասխանը հաստատվել է։

 

Սպարտակը ծառայության մեկնել էր 2019 թվականի հունվարի 18-ին։ 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց հետո, ծառայության է անցել Խոջալուի զորամասում, սակայն պատերազմի սկսվելուց հետո նրան ուղարկել են Թալիշ՝ ընկերներին օգնության հասնելու։ Վերջին անգամ հոր հետ խոսել է սեպտեմբերի 29-ին։ Դաժան պայքարի ժամանակ տանկերից մեկը փչացել էր։ Հորը հավաստիացրել էր, որ ամեն ինչ կարգին է, իսկ ընկերոջը՝ Գոռին, ասել, որ առաջ են գնում ու չեն նահանջելու։ «Նահա´նջ» հրամանից հետո Սպարտակը նկատում է թիկունքում մնացած ընկերոջը և առաջ է գնում նրան օգնելու։ Ավաղ չի հասցնում նահանջել։

Իր դասընկերներից մեկը պատմում էր, թե ինչպես են որոշել Սպարտակի հետ միասին «դաս տան» բարձր դասարանի տղաներից մեկին,- «Մի անգամ Սպարտակը խնդիր էր ունեցել բարձր դասարանցիներից մեկի հետ։ Չգիտեինք ինչ խնդիր էր, բայց որոշեցինք պատժել նրան։ Գնացինք ու սոսինձ քսեցինք այդ տղայի նստարանին։ Նստեց ու այդպես էլ մնաց։ Մեր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչը՝ ընկեր Տոնոյանը, շատ խիստ էր։ Դեպքից հետո փորձում էր իմանալ՝ ում մտահաղացումն է, ով է արել, բայց մեզնից ոչ ոք չխոսեց։ Բոլորիս պատժեց մեր քայլի համար։ Այդպես էլ եղել ենք՝ մեկս մյուսիս համար»։ Սպարտակի դասղեկն էլ՝ Աննա Ամիրխանյանը, պատմում էր, որ միշտ հասնում էր ուսուցիչներին։ Ժամանակ առ ժամանակ գյուղում ոտքով քայլելը դժվարանում էր, իսկ իր ուսուցիչների հանդեպ ունեցած Սպարտակի հարգանքն ու սերը թույլ չէին տալիս նրանց ոտքով քայլեին։ Բավական էր Սպարտակը տեսներ նրանցից մեկին և անպայման մեքենա կգտներ նրանց ուղեկցելու և ապահով տեղ հասցնելու համար։

 

Սիրում էր ռազմագիտության դասերը։ «Ուշիմ էր, լսող, նշանառության մեջ էլ էր ուժեղ։ Բանակում էլ եղել է նշանառու-օպերատոր, տանկի հրամանատար։ Ինքը հանուն ընկերոջ էլ զոհեց իր կյանքը, ինչը նրան բնորոշ էր։ Շատ նվիրված երիտասարդ էր․ նվիրված էր ընտանիքին, գյուղին, ընկերներին»,- պատմում էր Սպարտակի ռազմագիտության ուսուցիչ Մուշեղ Մուշեղյանն ու ավելացնում, որ մինչև հիմա էլ հիշում է, թե ինչպես էր Սպարտակը զենքը քանդելու ու հավաքելու ժամանակ իրեն բնորոշ ու անեղծ մաքրությամբ ժպտում։
Այսպիսին էր հերոսն իր շրջապատի նկատմամբ։ Ասում են՝ մարդիկ կան, ովքեր ապրում են մեկ դար, բայց իրենց ետևից ոչինչ չեն թողնում բացի ունայնությունից։ Բայց զուգահեռ կան մարդիկ, ովքեր ապրելով կարճ ժամանակ, իրենց ետևից թողնում են մի ամբողջ պատմություն, որը դեռ պետք է շարունակվի։ Եվ այդ պատմության էջերում այսուհետ պիտի կարդանք․ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում է Սպարտակ Հայկի Ասատրյանը՝ հակառակորդի 2 տանկ և կենդանի ուժեր ոչնչացնելու համար։

Լիլիա Ալավերդյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ