Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 19-րդ Պունայի միջազգային կինոփառատոնում (PIFF) ստացել է Մահարաշտրայի կառավարության «Պրաբհատ» մրցանակը լավագույն միջազգային ֆիլմի համար: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:
Ըստ աղբյուրի՝ «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարում օդանավակայանների աուդիտոր Ալենը, որը ֆրանսիացի է, ժամանում է Արցախի Հանրապետության նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամիներով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե վերաբացվելու համար այդ օդանավակայանը, արդյոք, համապատասխանո՞ւմ է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:
Նշվում է, որ ֆիլմը Ֆրանսիայի (SISTER Productions), Հայաստանի (anEva Production) և Բելգիայի (Kwassa Films) համատեղ արտադրություն է: Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ: